Իսրայելում եւ ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, պահվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Արմեն եւ Սերգեյ Սմբատյանները պահվում են տարբեր խցերում, քանի որ Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանափակվել է կալանավորված անձ Սերգեյ Սմբատյանի հաղորդակցվելու իրավունքը կալանավորված անձ Արմեն Սմբատյանի հետ»,- ասվել է պատասխանում։
Նշվում է նաեւ, որ նրանք խցերում պահվում են այլ անձանց հետ։ Սակայն, ըստ Sputnik Արմենիայի, նրանց խցակիցները ոչ թե նախկին պաշտոնյաներ կամ նախկին իրավապահներ են, այլ սովորական բանտարկյալներ։