Հետևեք մեզ։

Դատարանի որոշման մեջ չկա կետ, որ տիկին Վարդանյանին պետք է տրամադրել իր նախկին աշխատասենյակը․ ԱՆ-ն՝ Ծաղիկ Վարդանյանին աշխատասենյակ տրամադրելու մասին

11:50, 09 օգոստոս 2023
Դատարանի որոշման մեջ չկա կետ, որ տիկին Վարդանյանին պետք է տրամադրել իր նախկին աշխատասենյակը․ ԱՆ-ն՝ Ծաղիկ Վարդանյանին աշխատասենյակ տրամադրելու մասին

2022 թվականի հունվարին առողջապահության նախարարի հրամանով Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնից ազատված Ծաղիկ Վարդանյանը դատարանում բողոքարկել էր Անահիտ Ավանեսյանի որոշումն ու հաղթել՝ վերականգնվելով ՀՀ ԱՆ ՊԱԳ պետի պաշտոնում։

 

Երեկ նա այդ մասին գրառում էր արել` վերջում նաև ակնարկելով, որ իրեն, կարծես թե, չեն ցանկանում իր նախկին բարեկարգ աշխատասենյակը տրամադրել «Հուսով եմ, որ իմ աշխատանքային գործունեությանը վաղվանից սկսած արհեստական խոչընդոտներ չեն առաջացնի։ Եթե որոշել եք ավելի բարեկարգ կաբինետ տրամադրել, ես այն կհամարեմ բարի կամքի դրսևորում, եթե ոչ՝ հուսով եմ, որ ՊԱԳ-ի պետի նախկին կաբինետը կարգի բերված կլինի»։

 

Վարդանյանը դրանից հետո նաև մամուլի միջոցով դժգոհել էր, որ իրեն, ըստ էության, նորմալ աշխատասենյակ չեն հատկացրել՝ համարելով, որ իր կաբինետը փոխել են «օձերով ու մկներով սենյակի հետ»։

 

Hayastan.news-ը այս թեմայով դիմեց առողջապահության նախարարության լրատվական ծառայությանը՝ հասկանալու, թե ո՞րն է խնդիրը, իսկապե՞ս Ծաղիկ Վարդանյանին պատշաճ պայմաններով աշխատասենյակ չեն հատկացրել և ինչո՞ւ։

 

Նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ տիկին Վարդանյանին տրամադրվել է նորոգված, ընդարձակ սենյակ։

 

«Այսինքն՝ նախարարությունն ամեն բան արել է աշխատանքային լավ, պատշաճ պայմաններ ապահովելու համար: Եւ դատարանի որոշման մեջ չկա կետ, որ տիկին Վարդանյանին պետք է տրամադրել իր նախկին աշխատասենյակը: Կարևորը՝ ամեն բան արվում է, որ նա կարողանա աշխատել լավ, հարմարավետ պայմաններում»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ