Հետևեք մեզ։

Ո՛չ դիակիզարաններ կան, ո՛չ էլ մաչետեներով հարձակումներ, ԼՂ հայերի դեմ ցեղասպանության զենքը սովն է․ ՄՔԴ հիմնադիր դատախազը հրապարակել է Արցախի նախագահի խնդրանքի հիման վրա արված եզրակացությունը

14:00, 09 օգոստոս 2023
Ո՛չ դիակիզարաններ կան, ո՛չ էլ մաչետեներով հարձակումներ, ԼՂ հայերի դեմ ցեղասպանության զենքը սովն է․ ՄՔԴ հիմնադիր դատախազը հրապարակել է Արցախի նախագահի խնդրանքի հիման վրա արված եզրակացությունը

Ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ԼՂ ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությանը, 2022-ի դեկտեմբերից քննարկվում է քաղաքական առաջնորդների կողմից: Այս մասին ասվում է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի եզրակացության մեջ, որն արվել է՝ ի պատասխան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակի։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խնդրել էր փորձագիտական կարծիք հայտնել՝ արդյոք Արցախի շրջափակումը նոր ցեղասպանություն է։ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն խոստացել էր փորձագիտական կարծիք հայտնել։

«Իմ ներդրումն է բացատրել, թե ինչու այն պետք է համարվի ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի։ Ո՛չ դիակիզարաններ կան, ո՛չ էլ մաչետեներով հարձակումներ։ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ցեղասպանության անտեսանելի զենքը սովն է։ Այստեղ բնակվող հայերը մի քանի շաբաթից կկործանվեն։

Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը շատ առումներով ներկայացնում է ցեղասպանության նախատիպը՝ կյանքի պայմանների պարտադրման միջոցով, որոնք նախատեսված են նրանց ոչնչացման համար: Այն փակում է ողբերգական շրջանակը, քանի որ «հայերի նկատմամբ վերաբերմունքը 1915 թվականին թուրք կառավարիչների կողմից տրամադրում է ցեղասպանության դրույթի պարադիգմը, որը վերաբերում է կյանքի պայմանների պարտադրմանը»:

Որպես ոլորտում որոշակի փորձ ունեցող անձնավորություն՝ ինձ համար պատիվ էր իմ ներդրումն ունենալ՝ տրամադրելով անաչառ զեկույց, ես պատրաստ եմ աջակցել ցանկացած կողմի, որը պարտավոր է կանխել հայերի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում»,-ասվում է եզրակացության մեջ: