Հետևեք մեզ։

Խորհուրդ եմ տալիս «Դեֆանս հաուզինգ» ընկերությանը հարցնել՝ ինչի՞ համար են կառուցում, կարող եմ բանկերից մեկի հետ խոսել՝ Դուք էլ մի տուն վերցնեք․ Նարեկ Մկրտչյան

15:44, 09 օգոստոս 2023
Խորհուրդ եմ տալիս «Դեֆանս հաուզինգ» ընկերությանը հարցնել՝ ինչի՞ համար են կառուցում, կարող եմ բանկերից մեկի հետ խոսել՝ Դուք էլ մի տուն վերցնեք․ Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից Hayastan.news-ը հետաքրքրվեց՝ իրենք ունե՞ն սցենար, թե ինչպես են տեղավորելու և սոցիալական երաշխիքներով ապահովելու Արցախի մեր 120 հազար հայրենակիցներին, եթե իրենց իշխանությունը որոշի Արցախը նաև թղթով թողնել Ադրբեջանի կազմում, ու այնտեղ ապրող արցախցիները ստիպված լինեն լքել իրենց հայրենի հողն ու տեղափոխվել Հայաստան։

 

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այն գերատեսչությունն է, որը և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան շրջանում այդ պատերազմով պայմանավորված՝ ճգնաժամի հաղթահարման ամենատարբեր ծրագրեր է իրականացրել՝ 20-ից ավելի ծրագրեր, հիմա էլ է շարունակում իրականացնել, մենք այս պահին չունենք որևիցե սցենար մեր հայրենակիցներին այստեղ ընդունելու, նմանատիպ սցենար չկա քննարկվող։ Արտաքին գերատեսչության մեր գործընկերները բանակցություններ են վարում, և այդ բանակցությունների գործընթացում պարզ կլինի՝ ինչպես է հանգուցալուծվելու։ Բայց մեր նախարարությունը, հավատարիմ մնալով իր մանդատին, ցանկացած իրավիճակի դեպքում ՀՀ քաղաքացիներին, մեր հայրենակիցներին՝ որտեղից որ կլինեն, մենք համապատասխան կգնահատենք իրավիճակը և կիրականացնենք համապատասխան ծրագրեր»,-ասաց Նարեկ Մկրտչյանը։

 

-Այսօր մայրաքաղաքում բուռն շինարարություն է ընթանում, և արդեն կասկածներ կան, որ այդ մեծ քանակի շենքերը հենց արցախցիների համար են կառուցում, որ վաղը, երբ դուք վերջնականապես հանձնեք Արցախը Ադրբեջանին, իրենք գան և մնալու տեղ ունենան այստեղ։

 

-Էնքան տարատեսակ ինֆորմացիաներ են տարածվում, քննարկվում, մեդիա ոլորտ նետվում, որը ոչ միայն իրականության հետ աղերս չունի, այլև իրականությանը մոտ չեն։ Բայց ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, օրինակ, խոշորագույն թաղամասերից մեկը, որ կառուցվում է, եթե չեմ սխալվում՝ «Դեֆանս հաուզինգ» ընկերությունը, գնալ սեփականատերերին հարցնել՝ ինչի՞ եք համար եք կառուցում։ Կարող է իրենք Ձեզ ավելի ստույգ պատասխանեն։ Ինձ նման տեղեկատվություն հայտնի չէ։

 

-«Դեֆանս հաուզինգը»՝ չգիտեմ, բայց «Բյուրեղ» թաղամասի մասով կարող եմ կռահել՝ ինչու։

 

-Դուք տո՞ւն ունեք այնտեղ։

 

-Ոչ, դեռ այդքան չեմ հարստացել, ես ո՛չ ՔՊ-ից եմ, ո՛չ պատգամավոր կամ նախարար եմ։

 

-Բայց դրա համար ՔՊ-ից լինել պետք չէ։ Դուք գրանցված աշխատող եք, ենթադրում եմ, հետևաբար՝ ես կարող եմ մեր գործընկեր բանկերից մեկի հետ խոսել, Ձեզ խորհրդատվություն տան, եկամտահարկի ծրագրից օգտվեք և Դուք էլ մի տուն վերցնեք։

 

-Բայց ես այնքան աշխատավարձ չեմ ստանում, որքան Սուրեն Պապիկյանը կամ Ալեն Սիմոնյանը, որ կարողանամ վարկս փակել։ Դա է խնդիրը։ 

 

-Այ, չգիտեի Ձեր աշխատավարձի չափը։


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ