Երևանի կառուցապատման ամենաայլանդակ ժամանակաշրջանում (2004-2012) նույնիսկ կար մի կարմիր գիծ՝ պահպանել Հանրապետության հրապարակի ու հատկապես Կառավարության շենքի ուրվագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը։
«Երևանի կառուցապատման ամենաայլանդակ ժամանակաշրջանում (2004-2012) նույնիսկ կար մի կարմիր գիծ. պահպանել Հանրապետության հրապարակի ու հատկապես Կառավարության շենքի ուրվագիծը։
2020 թվականից կառավարությունն ամենաբարձր մակարդակով զարկ տվեց Ֆիրդուսիի (թիվ 33 թաղամասի) թե՛ քաղաքային, թե՛ ճարտարապետական, թե՛ սոցիալական առումով վիճահարույց նախագծին։ Այն ժամանակ դեռ ահազանգում էի Հանրապետության հրապարակի աղճատման վտանգի մասին ու առաջարկում հավասարակշռված լուծումներ [https://www.aravot.am/2020/06/23/1119494]։
Ահա, խնդրեմ, արդյունքը... Կառավարության շենքի հետևից բուսնում են առաջին շենքերը։
Առաջիկա ընտրությունները երկիրն ու Արցախը փրկելուց բացի, նաև հավասարակշռված զարգացման և վայրենի զարգացման/կառուցապատման միջև ընտրություններ են։ Այնպես, որ եկեք ճիշտ կողմնորոշվենք ու պահանջենք կոնկրետ այս կառուցապատման նախագծի վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումը։ Առաջարկում եմ լրագրողներին այս մասով հարցեր ուղղեն ընտրության մասնակիցներին...
Հ.Գ.-Նույն լրագրողներին նաեւ խորհուրդ ես տալիս ստուգել իշխանական քաղաքապետի շրջապատի ու Ֆիրուդուսիի տարածքի կառուցապատողների միջեւ (ըստ օդում կախված լուրերի) եղած կապերը»։