Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Գևորգ Հարությունյանի գործով նիստը, որի ընթացքում ցուցմուքն տվեց ՀՀ 3-րդ նախագահը։
«Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետև դատաքննության ողջ ընթացքը ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել և եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատավություն կկրեր այն ժամանակ, և ոչ թե հիմա։
Շատ պարզ բան է տեղի ունեցել․ այդ ծրագիրը կարող էին իրականացնել երկու ընկերություններ, և նա այդ ընկերություններցի ընտրել է այն ընկերությանը, որն ավելի ցածր գին է առաջարկում։ Ես, անկեղծ ասած, ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, և կարծում եմ, բոլորի համար պարզ է, թե ինչու Սերգո Կարապետյանը, մի քանի հարցաքննություններից հետո որոշել է, որպեսզի այդպիսի ցուցմուքն տա։ Այլ ասելիք չունեմ»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է իր և Բարսեղ Բեգլարյանի հարաբերությունների վերաբերյալ դատախազի հարցին, Սերժ Սարգսյանը նշեց, որ կարծում է՝ հարցը հռետորական է, քանի որ նախաքննության ընթացքում ինքը հայտնել էր, որ Բարսեղ Բեգլարյանին ճանաչում է 1971թ.-ից, այդ ժամանակվանից սկսած իրենք ընկերներ են։ Դատախազը համաձայն չէր, որ հարցը հռետորական է, ըստ նրա՝ հանգամանքներն են ճշտում։
Հաջորդ հարցին, թե ի՞նչ հարաբերություններ է ունեցել Սերգո Կարապետայնի հետ, Սերժ Սարսգյանն ասաց, որ ինքը Սերգո Կարապետյանի հետ աշխատանքային հարաբերություններ է ունեցել։
Սերժ Սարգսյանը բացասական պատասխան տվեց հարցին, թե արդյոք Կարապետյանն իրեն հայտնե՞լ է, որ նաև «Ֆլեշ» ՍՊԸ-ն է ցանկություն հայտնել դիզվառելիքի տրամադրման ծրագրին մասնակցելու։
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի, ասելով, որ Սերգո Կարապետյանն իրեն զրպարտել, հաշվի առնելով, որ Սերգո Կարապետյանն իր ցուցմունքներով ասել է, որ երբ Սարգսյանին զեկուցել է, ասել է՝ «տվեք, թող Բարսեղն անի», ՀՀ 3-րդ նախագահն ասաց․ «Ենթադրություն չէ, դա դատական քննության ընթացքն է, մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները հայտնել են, որ ի վիճակի չեն երկու ամսում 17.000 տոննա դիզվառելիք ներկրել ՀՀ ու վերաբաշխել ամբողջ ՀՀ-ով մեկ։ Այս ամբիոնից հարցաքննվածներից որևէ մեկը չի ասել, որ ինքն ի վիճակի էր դա անելու»։
Հիշեցնենք, որ ավելի քան 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումների մասով քրեական գործ է հարուցվել, մեղադվում են Սերժ Սարգսյանը և ևս չորս անձ։
Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։ Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են: