Հետևեք մեզ։

Նա չկարողացավ զսպել արցունքները. ՔՊ-ական պատգամավորը ԼՂ-ի հումանիտար ճգնաժամը ներկայացրել է Թիմոր-Լեստեի խորհրդարանի խոսնակին

15:47, 10 օգոստոս 2023
Նա չկարողացավ զսպել արցունքները. ՔՊ-ական պատգամավորը ԼՂ-ի հումանիտար ճգնաժամը ներկայացրել է Թիմոր-Լեստեի խորհրդարանի խոսնակին

ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ջակարտայում մի շարք երկկողմ հանդիպումներ եմ ունեցել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

 

«Նախ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ար Սիտի Ռոզայմերիյանտի հետ քննարկել ենք կազմակերպությունում Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու մանրամասները։ Զրուցակիցս նշեց, որ գնահատելի է Հայաստանի՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումը։ 

 

Թիմոր-Լեստեի խորհրդարանի խոսնակ Մարիա Ֆերնանդա Լայի հետ պայմանավորվեցինք ակտիվացնել երկու երկրների խորհրդարանականների միջև հարաբերությունները, նաև աջակցել միմյանց միջազգային հարթակներում։ Քննարկել ենք նաև փոխադարձաբար Երևանում և Դիլիում դեսպանների նշանակման հնարավորությունը։

 

Զրուցակցիս եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, ինչի ժամանակ Թիմոր-Լեստեի խորհրդարանի խոսնակը չկարողացավ զսպել արցունքները և իր համերաշքությունը հայտնեց հարցի խաղաղ լուծման հարցում։ 

 

Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը ներկայացրել եմ նաև Չինաստանի խորհրդարանի անդամ Ճու Յոնգուանին, նաև խնդրել, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագերծել իրենց ազդեցությունը՝ Լաչինի միջանցքի շրջափակման արդար լուծման համար։ 

 

Նաև երկուստեք ողջունեցինք ՀՀ և ՉԺՀ միջև առկա կայուն հարաբերությունների, տնտեսական և մշակութային համագործակցության մակարդակը, և հույս հայտնեցինք, որ ապագայում հնարավոր կլինի խորացնել հարաբերությունները նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում»,- գրել է պատգամավորը։