Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ս.թ. մարտին Մալթա կատարած իր պաշտոնական այցից ի վեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի լիակատար արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է դրա անդառնալի հետևանքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության համար՝ նշելով Ադրբեջանի կողմից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների պարբերական խափանումները և հատկապես խոցելի խմբերի համար դեղորայքի, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասը:
Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ ի հակառակ մինչ այս հնչեցված բոլոր միջազգային կոչերին և տեղում դրական փոփոխություն արձանագրելու ջանքերին: Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման, տեղաշարժի լիակատար վերականգնման ուղղությամբ հստակ քայլերի հրատապությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵՄ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի: