Նիկոլ Փաշինյանը երեկ որոշել էր այս տարվա մեջ արդեն երկրորդ ասուլիսը տալ։ Լրագրողներն էլ հավաքվել ու ինչ-որ հարցեր էին տալիս նրան՝ ակնկալելով, որ հինգ տարի անց վերջապես մի անգամ գոնե կստանան սպառիչ և անկեղծ պատասխաններ։ Հարցերի հիմնական տրամաբանությունը հետևյալն էր՝ «պարո՛ն վարչապետ, որոշների դեպքում նույնիսկ՝ պարո՛ն Փաշինյան, ինչո՞ւ է աշխարհը էսպես ծուռ»։ Նա էլ ուղիղ պատասխանեց՝ ոչ թե աշխարհն է ծուռ, այլ դուք եք ծուռ աչքով նայում, եթե ուղիղ նայեք, կտեսնեք, որ ամեն ինչ շատ ճիշտ է՝ մենք հստակ քայլերով գնում ենք ուղիղ դեպի կործանում։ Իսկ կործանումն էլ այն է, որ շուտով Ադրբեջանը կարող է հարձակվել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա, և մենք այլևս շանս չենք ունենա խուսափելու նոր՝ ավելի կործանարար աղետից։ Փաշինյանը նաև ուղիղ հայտարարեց՝ իմ վրա հույս չդնեք, ՀԱՊԿ-ի վրա՝ նույնպես, ուստի գնացեք ու ձեր գլխի ճարը տեսեք, ես այլևս անզոր եմ պաշտպանելու թե՛ ձեզ, թե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Արցախը պաշտպանելու մասին չենք խոսում, քանզի Արցախի անվտանգության երաշխավորը համարվող երկրի ղեկավարը ասում է, որ արցախցին ինքը պետք է իր հարցերը ինքնուրույն լուծի։
Շարքային բանական ու մտածելու ունակ քաղաքացին կհարցնի՝ իսկ ո՞ւմ վրա հույս դնել, եթե վիճակն իսկապես օրհասական է ու կործանումը՝ մոտ։ Ընդդիմությա՞ն։ Իսկ ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞վ է զբաղված նա կործանումից հինգ պակաս։ Ռոբերտ Քոչարյանը իրեն մեկուսացրել ու մի կողմ է քաշվել, նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքը սեփական օրակարգով ԱԺ-ում նստած՝ կառուցողական քննարկումների մեջ է երկիրը կործանողների հետ, Իշխան Սաղաթելյանը եթերում «քֆուր է դնում» իրենց անկեղծությանը կասկածողների վրա ու կորչում՝ չմանրամասնելով, թե ովքեր էին դրա հասցեատերերը, Վահե Հակոբյանն ու իր թիմը լքել են այդ կառուցողական «Հայաստան» դաշինքն ու հիմա հասկանալի չէ, թե ինչով են զբաղված, Սերժ Սարգսյանը զբաղված է իր բանակցային մեմուարները հրապարակելով ու շնորհանդես կազմակերպելով, Արթուր Վանեցյանն էլ, քանի որ մեր երկրի «քաղաքական միակ օրակարգը Երևանի ավագանու ընտրություններն են», դեռ փորձում է կողմնորոշվել՝ մասնակցի՞ առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ։ Պարոն Վանեցյանը, սակայն, մինչ այդ կարևոր որոշում կայացնելը նախ պետք է իր աղբյուրներով ճշտի՝ Երևանի ավագանու ընտրությունները Հայաստանը կործանվելկուց առա՞ջ են անցկացվելու, թե՞ հետո։ Ընդդիմության միակ ակտիվ օրգանը, որ այս պահին շարունակում է ինտենսիվ գործել, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է՝ իր լայվերով։ Ուստի, Հայաստանի գիտակից քաղաքացուն մնում է նստել և երեկոյան ժամը 20։30-ին դիտել Աշոտյանի լայվը, որտեղ վերջինս դեմքի՝ Նաիրի Հոխիկյանից էլ ավելի կատաղի արտահայտությամբ ուղղակի տակնուվրա է անում Փաշինյանի փաստարկները, հատկապես՝ ուղղված Սերժ Սարգսյանի դեմ և ապացուցում, թե ինչպես «Նիկոլը հերթական անգամ մնաց Սերժի ասածների տակ»։ Աշոտյանի հիմնական ֆունկցիան դա է՝ ջախջախել, կարելի է ասել՝ «սատկացնել» Նիկոլին, եթե նա հանկարծ հանդգնի բան ասել իր շեֆին։ Մենք, իհարկե, կարող ենք միշտ հույս դնել նաև Աստծո վրա, բայց կարծում ենք՝ Աստված ամեն անգամ դժվար որոշի մեզ փրկության ևս մի շանս տալ՝ տեսնելով, որ մենք դա այդպես էլ ճիշտ չենք օգտագործում։
Ասուլիսից հետո՝ կործանումից 5 պակաս
12:19, 15 մարտ 2023