Օգոստոսի 10-ին, ժամը 22:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Renault» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1973 թ․) եւ «Opel» (վարորդ՝ Ա․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա․ Կ․-ին, այնուհետեւ վարորդներին եւ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Գ․ Ա․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։