Հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելուն չի տրվում որևէ բացատրության: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ եթե մի պահ Ադրբեջանի գործելակերպը չդիտարկեն ԼՂ-ի հայությանը ցեղասպանելու Ադրբեջանի քաղաքականության համատեքստում, ապա այլ բացատրություն չկա, թե ինչու թույլ չեն տալիս, որ բեռները մուտք գործեն ԼՂ:
«Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է և Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- կրկնեց Փաշինյանը։
Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ լինել խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ հղեց․ «ՀՀ-ն պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»։