«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․
«Նուբարաշենի աղբավայրում հրդեհն արդեն սովորական է դարձել։ Վերջին անգամ աղբավայրում հրդեհ էր բռնկվել հուլիսի 25-ին, այրվել էր մոտ 5000 քմ տարածքում կուտակված աղբը։ Ու չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ տարածքում անվտանգության կանոններ պահպանելն այդպես էլ չի հաջողվում։
Բարձր ջերմաստիճանի պայմաններում իրավիճակն ավելի է վատթարանում, ու առանց այն էլ ծանր օդում թունավոր գազեր, ծուխ և փոշի է ավելանում։
Եվ կրկին վերադառնում ենք նրան, որ չկա համակարգային մոտեցում։
Քաղաքակիրթ երկրներում վաղուց գտել են աղբի վերամշակման արդյունավետ մոտեցումները, այն է՝ աղբի տեսակավորում, տեսակավորված աղբի տեղափոխում, տեսակավորված աղբի պահեստավորում, պիտանի և ոչ պիտանի աղբի առանձին տեսակավորում։ Պիտանի աղբն ուղարկվում է վերամշակման և արդյունքում էներգիա է ստացվում, իսկ ոչ պիտանին հատուկ պայմաններում հողի շերտի տակ է թաղվում։
Այս ամենի, համապատասխան քանակի և սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող աղբավայրերի բացակայության, աղբի թերի վերամշակման ու թերի տեսակավորման պայմաններում նվազագույնը, ինչ անհրաժեշտ է անել, գոնե անվտանգության տարրական կանոնները պահպանելն է։
2016 թվականից խոստացված նոր աղբավայրի կառուցման ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Իսկ մեր ու մեր երեխաների՝ մաքուր օդ շնչելու իրավունքը, պարզապես, չի հաջողվում իրացնել»։