Հետևեք մեզ։

Արցախում զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ

17:43, 11 օգոստոս 2023
Արցախում զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ
 ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:
 
Համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ սահմանվել է, որ զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա:
 
Զրպարտությունը` ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող փաստի մասին տվյալներ տարածելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:
Այն դեպքում, երբ այդ արարքները կատարվում են պարբերաբար, ապա պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
 
Վիրավորանքը` ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի, գրավոր, ծաղրանքի (ծաղրուծանակի) կամ այլ միջոցով կատարված անպարկեշտ արտահայտությամբ արատավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:
 
Այն դեպքում, երբ այդ արարքները կատարվել են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պարբերաբար, դրանք պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով:
 
Ըստ երկրի ղեկավարի ստորագրած օրենքների՝ պահպանվել է դատական կարգով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի հնարավորությունը, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: