Նախօրեին հրազենային վիրավորումից մահացած Գրանիկ Վարդանի Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, զորակոչվել էր հունվար ամսին, ծառայում էր Արարատում: NEWS.am-ի հետ զրույցում Բենիամին վարչական շրջանի ղեկավար Արտակ Անտոնյանը հայտնեց, որ, ըստ պաշտոնական վարկածի, Գրանիկը ինքնասպան է եղել, սակայն դեռ մանրամասների չի տիրապետում:
«Գրանիկը Արարատում էր ծառայում, ճիշտն ասած լսել էի, որ երեկ մի դեպք էլ է եղել, բայց չեմ կարող ասել, թե ինչ է պատահել, մանրամասների չեմ տիրապետում: Գրանիկը մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել, տեսել եմ իրեն, խոսել, գոհ էր ծառայությունից: Իրենք յուրահատուկ ընտանիք են, իրենից փոքր երկու եղբայր էլ ունի Գրանիկը, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում: Գրանիկը շնորհքով, աշխատասեր երեխա էր, անհավատալի է, երեկ առավոտ էլ հոր հետ էր խոսել, ասել էր, որ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:
ՊՆ-ն հայտնել էր նաև, որ դեռեւս չպարզված հանգամանքներում երեկ՝ օգոստոսի 9-ին, հրազենային վիրավորման հետեւանքով մահացած զինծառայող Ժորա Կարապետյանը:
Ըստ տեղեկությունների՝ երկու դեպքն էլ տեղի է ունեցել նույն զորամասում: