Հետևեք մեզ։

Երկու տարի առաջ Ալեն Սիմոնյանի համար «Արցախի Հանրապետության» ԱԺ նախագահ էր, այսօր՝ «Լեռնային Ղարաբաղի»

12:14, 12 օգոստոս 2023
Երկու տարի առաջ Ալեն Սիմոնյանի համար «Արցախի Հանրապետության» ԱԺ նախագահ էր, այսօր՝ «Լեռնային Ղարաբաղի»

Օգոստոսի 7-ին, երբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվեց դաշնակցական Դավիթ Իշխանյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը զանգահարեց նրան՝ շնորհավորելու բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ։

 

Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ, սակայն, Արցախի Հանրապետության փոխարեն նշված է Լեռնային Ղարաբաղ․

 

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազանգ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի հետ»։

 

Մինչդեռ, ընդամենը երկու տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսի 9-ին, երբ Ալեն Սիմոնյանը նոր էր ընտրվել ԱԺ նախագահ, իսկ Արցախում էլ Արթուր Թովմասյանն էր խորհրդարանի խոսնակը, Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ՝ օգտագործելով Արցախի Հանրապետություն ձևակերպումը։

 

«Հյուրընկալել եմ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։ Ինձ համար կարևոր է ԱԺ նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը պարոն Թովմասյանի հետ անցկացնելու փաստը»,-գրել էր Սիմոնյանը։

 

Ստացվում է՝ ընդամենը երկու տարի առաջ Ալեն Սիմոնյանի համար այսօր շրջափակման մեջ հայտնված Արցախը Հանրապետություն էր, ու նա չէր կաշկանդվում ազատորեն հայտարարել, որ ինքն ընդունել է Արցախի հանրապետության ԱԺ նախագահին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, որը Ադրբեջանի կողմից ընդունելի տարբերակն է։ Իսկ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը առնվազն բանավոր կերպով Արցախը հանձնել է Ադրբեջանին՝ մեր հայրենիքի մի մասը ճանաչելով Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանը հյամար այն դարձել է արդեն Լեռնային Ղարաբաղ՝ առանց հանրապետության, առանց Արցախի։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական