Հետևեք մեզ։

Խնդիր չկա․ Պապիկյանն հաստատեց Փաշինյանի խոսքը, պատրաստ է բնակարանը վաճառել 300 000 դոլարով

14:32, 15 մարտ 2023
Խնդիր չկա․ Պապիկյանն հաստատեց Փաշինյանի խոսքը, պատրաստ է բնակարանը վաճառել 300 000 դոլարով

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել. այդ մասին նա այսօր տեղեկացրել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

«Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, հրաժարական չեմ պատրաստվում տալ, այո, ես շարունակելու  եմ իմ սկսած բարեփոխումնեը, թե որքան դա ինձ կհաջողվի իրականացնել, կյանքը ցույց կտա»,-ասաց նա։

Պապիկյանը նաև անդրադարձել է 400 հազար դոլար արժողությամբ բնակարան ձեռք բերելու տեղեկություններին և դրա առնչությամբ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը։ 

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը պատասխանել էր հարցին,  թե ինչպե՞ս է, որ Պապիկյանը 412000 դոլար արժողությամբ բնակարանը ձեռք բերել 168 000 դոլարով՝ «Ջերմուկ Գրուպ»-ից։ «Ես ձեզ առաջարկում եմ, եթե դուք ճիշտ եք, ես ձեզ խոստանում եմ, բանկի հետ բանակցեք, 300 000 դոլարով գնեք այդ տունը և 400 000 դոլարով վաճառեք, երբ վաճառեք, կիմանանք, որ դուք ճիշտ եք, համ էլ 100 000 մաքուր շահույթ կունենանք։ Ես առաջարկում եմ գնալ այս ճանապարհով, ես ներողություն եմ խնդրում Պապիկյանից՝ իր անձնական գործերին միջամտելու համար, բայց ես կպնդեմ, որ նա այդ տունը վաճառի ձեզ»։

«Իմ գնածից ավելի էժան այդ տարածքում վաճառվել է ևս 300 բնակարան։ Ես կներկայացնեմ հայտարարագրով, թե որքան կանխավճար եմ տվել, որ բանկից եմ ձեռք բերել վարկը, այդ կանխավճարն ինչի արդյունքում է գոյացել, այդքան աշխատավարձ ստանում եմ, թե չեմ ստանում, այդ ամեն ինչը կհրապարակեմ»,-խոստացավ նախարարը։

Դիտարկմանը՝ պատրաստ է բնակարանը վաճառել 300 հազար դոլարով, Սուրեն Պապիկյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ վարչապետի երեկվա հնչեցվածը ես պետք է հաստատեմ, հաստատում եմ, խնդիր չկա»,-ասաց նա։