Հետևեք մեզ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (լուսանկարներ)

18:42, 13 օգոստոս 2023
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (լուսանկարներ)

Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:

 

Բերկրառատ Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

 

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը մասնավորապես ընդգծեց. «Աստվածամոր վերափոխումը մենք տոնում ենք իբրև գալիք այն իրողության ևս մեկ հաստատում, որ մենք էլ պիտի հարություն առնենք և Աստվածամոր օրինակով հաղթահարենք մահը»։

 

Վերջում Վազգեն Սրբազանը, ևս մեկ անգամ աղոթք վերառաքելով առ Աստված, դիմեց ներկա հավատացյալներին՝ նշելով․ «Սիրելի հավատացյալնե՛ր, շնորհավորելով բոլորիս տոնի առիթով, միանում եմ ամենքիդ աղոթքներին և խնդրում Աստվածամոր բարեխոսությունը մեր ազգի, Հայաստան և Արցախ աշխարհների համար, մեր բանակի, մեր ժողովրդի փրկության համար»։

 

Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցական թափորը Սուրբ Գայանե վանքից ուղղվեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին: