Հետևեք մեզ։

Ընդամենը 100 ճիշտ օր, և մեր հասարակությունն անճանաչելիորեն կփոխվի․ Վահե Հովհաննիսյան

12:18, 14 օգոստոս 2023
Ընդամենը 100 ճիշտ օր, և մեր հասարակությունն անճանաչելիորեն կփոխվի․ Վահե Հովհաննիսյան

 

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

 

«Մեր հոգևոր դասի ներկայացուցիչների, սրբազան հայրերի խոսքում վերջերս հաճախ է լսվում տարակուսանք, թե «Ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում անտարբեր են Արցախում տիրող վիճակի հանդեպ»։
Մեծ հարգանք տածելով այս պատմական պահին մեր եկեղեցու դերի և գործունեության հանդեպ՝ ինձ պարտավորված եմ զգում անդրադառնալ այս պնդմանը, որն ունի մի քանի կարևոր ենթակետեր։


- Մեր ժողովուրդն անտարբեր է դարձել ոչ միայն Արցախի հանդեպ, այլև՝ ամեն ինչի։ Մենք դադարում ենք միասնական, ապրումակցային հասարակություն լինել։
- Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ամեն օր, ամեն րոպե ապրում են Արցախով ու պատրաստ են անել (անում են) իրենցից կախված ամեն հնարավորը։
Իրականությունն ավելի ամբողջական է դառնում՝ այս երկու կետերը միաժամանակ հաշվի առնելով։ Պետության, պետականության արժեքի հարաճուն անկման պայմաններում մենք դադարում ենք լինել պետություն ունեցող ժողովուրդ։ Սա է ամենամեծ վտանգը։ Մենք վերածվում ենք ատոմիզացված բնակչության։ Ու դա ոչ միայն Արցախի հարցում։ Սամռկեցուցիչ, չդադարող վթարները Հայաստանի ճանապարհներին վկայում են, որ մենք մեքենա վարում ենք (ապրում ենք) անվտանգության բնազդը կորցրած կենդանու պես։


Ժողովուրդներին ուղղորդում են վերնախավերը, ժողովուրդներին առաջնորդում են վերնախավերը, ժողովուրդներին համախմբում են վերնախավերը։ Մեզանում ոչ թե ժողովուրդն է տապալված, այլ՝ վերնախավերը։ 
Լիներ այլ իշխանություն՝ այսօր մենք կունենային լրիվ այլ որակի հասարակություն։ Թարմ օրինակ.
2016-ին ապրիլյան պատերազմի ժամանակ իշխանությունը դրել էր այլ խնդիր՝ համախմբման, ապրումակցման, ոգու ամրության, և մենք ստացանք այդպիսի ժողովուրդը։ Ավելի հին օրինակ՝ 1988-ի երկրաշարժից հետո իշխանությունը դրել էր խնդիր, և մենք ունեցանք օգնող, ձեռք մեկնող, ուրիշի
ցավը զգացող ժողովուրդ։
Այն, ինչ այսօր անում է գործող իշխանությունը, նրա Հ1-ի քարոզչությամբ, ցանկացած ժողովրդից կարող է ստանալ էգոցենտրիկ-կենցաղային բնակչություն։ Խեղդվող Արցախի պայմաններում «պարտադրվող ուրախության» քաղաքականությունը նույն տրամաբանության մեջ է։ Բայց պետք չէ նաև ամեն ինչ բարդել իշխանության վրա։ Մեր մտավորականներից շատերը վախենում են կարծիք ունենալ, կարծիք հայտնել, կարծիք պաշտպանել։ Ոչ միայն Արցախի հարցում, այլև՝ շատ այլ խնդիրների։

Այո, մեր հասարակությունն ունի նաև ճղճիմ որակներ, եսակենտրոնություն, մտածողության փոքրություն։ Այո, մեր հասարակության մեջ կա միտում՝ տուն-տեղ, հայրենիք, դպրոց, ամեն ինչ թողնել ու գաղթել Գլենդեյլ և այլուր։
Բայց նույն հասարակության հազարավոր անդամներ, իրենց վրա վերցրած պետության լքված գործառույթները, Արցախ օգնություն հասցնելու ճանապարհներ են փնտրում/գտնում, կյանքեր են փրկում։
Ամեն ինչ կա՝ և´ վատը, և´ լավը։ Ամենամեծ պրոբլեմը պետական մտածողության թուլությունն է։ Չփոխենք սա՝ ոչ մի բան չենք կարողանալու պահել՝ ո´չ Արցախը, ո´չ Ամարասը, ո´չ Հայաստանը, ոչ էլ՝ Էջմիածինը։

Ինչպե՞ս ստանալ պետական մտածողությամբ հասարակություն։ Սա է ամենակարևոր հարցը, որի լուծումը մեկն է։ Նոր ազգային-առաջադիմական վերնախավերի ձևավորումն ու նրանց միջոցով առաջնորդություն ստանձնելը։
Մեր հասարակությունը կորցրել է լավի ու վատի ընկալումը. զարհուրելի է, բայց մենք կորցրել ենք տարրական ամոթի զգացումը։ Ես կուզեի՝ մեր Սրբազան հայրերը, մեր հոգևորականները մի պահ պատկերացնեին, թե որքան հայտնի դեմքեր, արվեստի, մշակույթի գործիչներ են հրաժարվում Արցախի աջակցության որևէ ակցիայից՝ վախը սրտներում, թե իշխանությունը կբարկանա։
Բայց պետք է նաև իմանանք, թե աշխարհի բեմերում, համալսարաններում և այլ հարթակներում հանդես եկող որքան հայտնի հայեր ինչ մեծ պատրաստակամությամբ են միանում աջակցության և պայքարի ամեն հնարավորությանը։ Սա է մեր հարստությունը։ Ես ամեն առիթով կարևորում եմ նոր ստեղծվող ձևաչափերը, շարժումները, հարթակները, այդ թվում՝ Վեհափառ Տիրոջ նախաձեռնությամբ մեկնարկած «Գավիթ» հարթակը։ Այս հարթակների ամենակարևոր առաքելությունը նոր արժեքներով նոր վերնախավերի ձևավորումն է, որը կառաջնորդի ժողովրդին։ Հասարակության մեջ կխրախուսի լավը, վեհը, ազնիվը, և կբացատրի՝ ինչն է ամոթը, ինչն է անասնականը։ Հայ ժողովուրդը անտարբեր չէ, հայ ժողովրդին դարձնում են
անտարբեր։ Լինի այլ իշխանություն, այլ տրամադրվածությամբ աշխատող պետական համակարգ, Հ1-ի այլ քաղաքական-հանրային ուղերձներ, ընդամենը 100 օր հետո անճանաչելիորեն կփոխվի մեր հասարակությունը։ Մենք ինքներս կզարմանանք՝ արդյո՞ք այն անտարբեր, անմիտ հասարակությունը
մենք էինք»։