Հետևեք մեզ։

Ողբերգական ավտովթարի զոհերից մեկը Հելեն Դադայանն է՝ Արցախից, նրա հարազատները Արցախում են

11:39, 15 օգոստոս 2023
Ողբերգական ավտովթարի զոհերից մեկը Հելեն Դադայանն է՝ Արցախից, նրա հարազատները Արցախում են

Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերից մեկը Հելեն Դադայանն է՝ Արցախի Ճարտար գյուղից, սովորում և աշխատում էր Հայաստանի Եվրասիա միջազգային համալսարանում։ Այս մասին ասվում է Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Նրա հարազատները Արցախում են` բլոկադայի մեջ։ Դասընկերներն ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։ Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։

Լույսերի մեջ մնաս, Հելեն ջան...

Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է `գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել հիվանդանոց։ Հուսով եմ՝ գոնե Կարմիր խաչով կգտնվի տարբերակ՝ նրա անճյունը Արցախ տեղափոխելու, որպեսզի հարազատները գոնե կարողանան հրաժեշտ տալ և հողարկավորել։

Հուսով եմ՝ հասարակությունը ևս հետևողական կլինի և պատասխանատուների նկատմամբ համապատասխան ճնշում կգործադրի գոնե այս անմարդկային հարցը լուծելու համար», - գրել է նա։

Եվրասիա միջազգային համալսարանը հանդես է եկել ցավակցական ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև․

«Խոր կսկիծով հայտնում ենք, որ օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի զոհ է դարձել նաև մեր լուսավոր գործընկերն ու ուսանողուհին՝ արցախցի Հելեն Դադայանը:

 
Նա սովորում էր «Կառավարում» մասնագիտության ավարտական կուրսում, ամբիոնի վարիչի օգնականն էր, փայլուն ուսանող և «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակիր, բազմաթիվ նախագծերում կամավոր էր ու հրաշալի թիմակից:
 
Եվրասիա միջազգային համալսարանի ամբողջ ղեկավար կազմը, դասախոսական և ուսանողական անձնակազմը այս ծանր պահին կիսում են նրա անդառնալի կորստի ցավն ու վիշտը»։