Մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ Ադրբեջանին հանձնելով ականների բոլոր քարտեզները, սակայն ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել դաշտերում ականների տեղադրման մասին և հակասում է պայմանավորվածություններին՝ չազատելով ռազմագերիներին և իր բանտերում գտնվող այլ մարդկանց։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանը պարբերաբար հարձակումներ է գործում Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների վրա, խախտում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի պարտավորությունները և լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
Ավելի լավ կլիներ, որ Հիքմեթ Հաջիևը դադարեցներ կեղծիքի այս արշավը, քանի որ դա ոչ մի կերպ չի կարող միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից»,- գրել է Մարուքյանը։