Դադիվանքի արդեն նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Դադիվանքից հեռանալուց հետո բնակվում է Արցախում՝ շրջափակման մեջ, կրում է նույն զրկանքներն ու դժվարությունները, ինչ Արցախում ապրող մեր մյուս հայրենակիցները։ Hayastan.news-ի հետ զրույցում նա չցանկացավ մանրամասնել, թե որտեղ է գտնվում, որ վանքում է ծառայում, չցանկացավ խոսել նաև իր համար ծանր թեմայից՝ Դադիվանքից, որտեղ Ադրբեջանի ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ներկայացուցիչներն են կրոնական ծեսեր իրականացնում։
Փոխարենը խոսեց Արցախում ստեղծված իրավիճակից և լուծումներից՝ ասաց․ «Արցախը շատ ծանր վիճակում է, անընդհատ հումանիտար ճգնաժամի մեջ ենք, և որն օր-օրի ծանրանում է։ Նույնիսկ աղի խնդիր կա, հաց չեմ ասում, հացը չկա, արդեն աղի խնդրին ենք հասել։ Բայց չեմ կարող ես չասել Հայաստանի իշխանությունների մասին, որոնք արդեն ձեռքերը լվացել ու մի կողմ են քաշվել՝ խրախճանքների մեջ են, թող իրենց գործն անեն, բայց Աստծո դատաստանից չեն փախչելու, շուտով Աստծո դատաստան լինելու է»։
-Երկու օր առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կոչով դիմեց հայ ժողովրդին, որ պետք է ոտքի ելնել, դուրս գալ փողոց և պայքարել Արցախի համար, որին հայ հասարակությունը, ցավոք, չարձագանքեց։ Դուք լսե՞լ եք կաթողիկոսի կոչը, ի՞նչ կասեք այդ մասով։
-Ես լսել եմ կոչը, շատ լավ կոչ էր, ինքը կոչ արեց գենետիկորեն հայ ժողովրդին, ոչ թե «յան»-ով մարդկանց։ Իսկ ով հայ է իրեն զգում, ում նախնիները հայ են եղել, նրանք կարձագանքեն, իսկ ով «յան»-ով է հայ, նրանք չեն արձագանքի։
-Հայաստանի իշխանություններից այլևս որևէ հույս չկա՞։ Իրենք Արցախից են ձեռքերը լվացել, ինչպես նկատեցիք, դուք էլ Հայաստանի իշխանություններից ձեր հո՞ւյսն եք վերջնականապես կտրել։
-Այդ հարցը տվեք Հայաստանի իշխանություններին, որոնք ասում են՝ «Ղարաբաղը ե՞րբ է եղել Հայաստանի կազմի մեջ, միշտ եղել է Ադրբեջան»։ Այ դրանց տվեք, պատմաբաններին տվեք, որ չեն արձագանքում, այդ անուղեղ, անգրագետ հայերին ու իշխանություններին տվեք այդ հարցը։ Պատմությունը մենք ենք պահում, հազարամյակներ մեր եկեղեցիները գործել են այստեղ։ Ո՞նց է եղել Ադրբեջանի կազմում Արցախը, ո՞նց են էդքան եկեղեցիներ, վանքեր կառուցել ու աղոթել, եթե Ադրբեջանի կազմում է եղել։ Ադրբեջանը շա՞տ է սիրել մեզ, թուրքերը մեզ շա՞տ են սիրել։ Թուրքերը թող Հայաստանի իշխանություններին սիրեն, ինչպես այսօր սիրում են, ինչպես որ Նիկոլիկին սիրում են, որ «Նիկոլիկը գնաց՝ մեր վերջը կգա»։ Նիկոլիկն էլ է գնալու, ՔՊ-ականներ են, ինչ զիբիլ են՝ նրանք էլ են գնալու։
-Երբ մենք Հայաստանի իշխանություններին ասում ենք՝ դուք լվացել եք ձեր ձեռքերը Արցախից, իրենք ասում են՝ ինչպե՞ս ենք լվացել, այդքան փող ենք տալիս Արցախին, օգնություն ենք ուղարկում։
-Եթե այսօր իրենք ոչ մի բան չեն ձեռնարկում, ուրեմն իրենք լվացել են, և ովքեր էլ, որ այսօր լռում են, ուրեմն իրենց կողքին են։
-Քաղաքական մյուս ուժերին, այդ թվում՝ ընդդիմությա՞նը նկատի ունեք։
-Այո, սատանաների կողքին են բոլորը, իրենք խոսում են, նրանք էլ լռում են, բոլորն էլ սատանա են, սատանայի զավակներն են։ Վե՛րջ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ