Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը 21 քվեով ընտրվեց Գյումրու փոխքաղաքապետ, նա փոխարինեց Դավիթ Առուշանյանին։
Փոխքաղաքապետ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում Վահագն Մկրտչյանն ասաց․ «Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել այս պաշտոնում, քանի որ իմ տոհմը քաղաքում ունի 200 և ավելի տարվա պատմություն։ Իմ ընտանիքը, իմ տոհմը, լինելով բնիկ գյումրեցի, ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքի ակտիվ զարգացմանը, նաև քաղաքի մեջ մեր կոլորիտը ստեղծելուն, մեր ազգությունը նույնիսկ անվանում ունի՝ Մսովենց»։
Լրագրողների հարցին, թե ինքը Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ազգակա՞նն է՝ մորաքրոջ թոռը, Մկրտչյանն ասաց․ «Այո, կապ կա Աննա Հակոբյանի հետ, հաստատում եմ, չեմ ժխտում։ Մեր քաղաքը և երկիրը այնքան փոքր է, որ բացառված է, որ գտնենք մարդ, որ ազգակցական կամ ընկերական հարաբերություն չունի ինչ-որ մի պաշտոնյայի հետ։ Տիկին Հակոբյանը քաղաքական հարցերով ընդհանրապես չի զբաղվում, նույնիսկ քննարկում չի եղել իմ թեմայով, մամուլից տեղեկացված եղել է»։