Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ երեկվա քննարկմանը։
«Եթե ամփոփելու լինենք, կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե Հայաստանի հանրությանը դա կարող է տարօրինակ թվալ, որ ես սա արձանագրում եմ որպես ԱԽ-ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը անընդհատ պնդում է թե Լաչինի միջանցքը փակ չէ։
Երկրորդ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաստատումը։ Երրորդ՝ ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից չի կատարվել»։
Փաշինյանը նշեց՝ կարող ենք արձանագրել՝ միջազգային ատյանում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ճշմարտությունը բարձրաձայնված է»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ԼՂ-ում օր-օրի սրվում է հումանիտար իրավիճակը.
«Ադրբեջանը մի կողմից արգելափակել է ՀՀ կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդն իր ցանած հացահատիկը հավաքի ալյուր ունենալու համար։ Սա ևս մի փաստ է, որ հիմնավորվում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության է ենթարկում, հետևաբար, Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պիտի դիտարկել»,- ասել է նա։
Փաշինյանը կրկնել է, որ Հայաստանը վերահաստատում է հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու հնարավորութունը զրոյացնելուն ուղղված քայլերից։