Դեպքից անմիջապես հետո փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները՝ վթարը կանխարգելելու համար։ Առաջին միտքն այն էր, որ եթե ավտոմեքենաների վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ, մենք կարող էինք վերապահում ներկայացնել ոստիկանությանը, թե ինչու այդ ճանապարհին չեն հայտնաբերել մեքենան, որ պատշաճ փաստաթղթեր չունի։ Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին։
Ըստ նրա՝ արձանագրվել է, որ երկու վարորդների վարորդական իրավունքներն իրավազոր են եղել։
«Մենք վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել․ ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Չենք կարող ասել, որ նրանք առանձնահատուկ խախտումների հակված են եղել․ արագությունը 2 կմ/ժ-ով խախտել, կարմիր լույսի տակ գիծը հատել, նման խախտումներ են եղել։ Մեքենաներն ապահովագրված են եղել, տեխզննում անցած են եղել»,- նշել է նա։