Արցախի նախկին պետնախարար, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծված ծանր իրավիճակն ու անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկվա քննարկմանը:
Խոսելով սովամահ եղած քաղաքացու մասին՝ Վարդանյանը նշել է․ «Մինչև սովամահության այս դեպքը այլ դեպքեր ևս եղել են: Երկու երեխաներ են մահացել այն պատճառով, որ նրանց մայրը գնացել էր ուտելիքի հետևից և ուշացել: Արդյոք մարդիկ պետք է մահանա՞ն, որ աշխարհը հասկանա, որ Արցախում սարսափելի աղետ է և զանգվածային մահեր պետք է լինե՞ն, որ աշխարհը արձագանքի 8-9 ամիս շարունակվող շրջափակմանը:
Ադրբեջանն ասում է՝ մենք պատրաստ ենք ապրանքներ մատակարարել: Ի՞նչ մթերքներ պետք է մատակարարվեն Ադրբեջանի կողմից, որ մարդիկ վստահ լինեն՝ դրանք թունավորված չեն, դրանք չեն հանգեցնելու ինչ-որ հիվանդությունների կամ այլ հետևանքների: Սա ողբերգություն է, որը միջազգային հանրությունն արհամարհում է:
Հարցին՝ ինչպիսի՞ ելք է տեսնում ստեղծված իրավիճակից, Վարդանյանը նշել է՝ մի քանի բան կա, որ պետք է անել։
«Առաջինը՝ միջազգային հանրության կողմից կոշտ պահանջ ներկայացվի Ադրբեջանին։ Պետք է ճնշում լինի պետությունների վրա, որ նրանք էլ իրենց հերթին պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։ Պետք է օդային միջանցք բացել և տարբեր միջոցներով՝ օդապարիկներ, դրոններ, դեղորայք ու սնունդ հասցնել այստեղ: Պետք է զանգվածային բողոք լինի մարդասիրական կազմակերպությունների կողմից»։