Երևանի քաղաքապետարանն այսօր լրատվամիջոցներին հրավիրել էր Մերգելյանի այգի` ցույց տալու համար այգու նոր նախագիծը և պատմելու՝ ինչ տեսք է ուեննալու այգին, երբ այդ նախագիծը կյանքի կոչվի։
Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ սա Տիգրան Ավինյանի նախընտրական PR-ի համար է արվում կամ, ինչպես Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն էր հաճախակի շեշտում, պարոն Ավինյանի, քանի որ պարբերաբար հիշատակում էր նրա անունը, որ նա եկավ, տեսավ, որոշեց կարգի բերել այգին և այլն։
Մի խոսքով՝ բացառապես Ավինյանի ջանքերով է «30 տարի շարունակ զավթված այգին» այսօր վերականգվում ու վերադարձվում երևանցուն։ Ի դեպ, Ավինյանի PR-ից բացի հասցրեցին նաև հիշել նախկիններին հենց այդ կոնտեքստում, որ 30 տարի այգու տեղը մսի պասսաժ էր, ծառերը բետոնապատել էին, չէին խնամում, իսկ հիմա իրենք պետք է այգին կարգի բերեն, չորացած ծառերը կտրեն, տեղը նոր ծառեր կտրեն։ Այս հարցում հատկապես ակտիվ էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, որը իրենց համար արդեն նախկինների շարքը դասված Հայկ Մարությանի օրոք աշխատանքից հեռացվեց, իսկ Հրաչյա Սարգսյանի օրոք վերականգնվեց։ Նա անընդհատ խոսում էր՝ գրեթե թույլ չտալով, որ ուրիշներն էլ արտահայտվեն, և մեծ ոգևորությամբ պատմում էր, թե ինչ վատ էր նախկինում ամեն ինչ, և որքան լավ է լինելու հիմա՝ պարոն Ավինյանի օրոք, երբ ներդրումային ծրագիրը հաստատվի։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն էլ նեղսրտեց, թե ինչու են իրենց ամեն մի քայլը դիտարկում նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ իրենք միշտ էլ քաղաքում լավ բաներ են արել։
Իրենց աշխատանքները գովաբանող ելույթներից հետո սկսվեց արդեն տեղի բնակիչների հետ շփումը, որը փչացրեց ընդհանուր գովազդային մթնոլորտը։ Պարզվեց՝ բնակիչները դեմ են նախագծին, որով այգու մի հատվածում մանկական կենտրոն ու սրճարան է նախատեսվում կառուցել։ Նրանք միաբերան պնդում էին, որ իրենց սրճարան պետք չէ, մանկական կենտրոն՝ ևս, քանզի այգու հարակից հատվածներում սրճարաններ էլ կան, մանկական զարգացման կենտրոն էլ, իրենք ուզում են, որ այգին ամբողջովին կանաչ տարածքից բաղկացած լինի։ Բեգոյանն էլ ամեն գնով փորձում էր համոզել, որ հին նախագծով երկու սրճարան էր նախատեսված, բայց, ընդառաջ գնալով քաղաքացիների պահանջին, մի սրճարանը հանել են՝ թողնելով միայն երկհարկանի մանկական կենտրոնը, որի առանձին հարկում, սակայն, սրճարան է լինելու։
Քաղաքացիները դեմ էին նաև այդ տարբերակին։
«Դա պրոյեկտ չէ, խուլիգանություն է»,-ասաց մի կին՝ ի պատասխան Բեգոյանի ներկայացրած նախագծի ու հիշեցրեց, թե նախորդ նախագիծը իրենք ինչի համար են մերժել։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ