Մինչ Երեւանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել։ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին, գրում է Aravot.am-ը։
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռի մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։
Աղբյուրը նշում է, որ «Սյունիք» օդանավակայանում ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչ, երրորդ հերթափոխի ավագ Ալբերտ Սարգսյանը օգոստոսի 18-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ժ.04.24-ին Ադրբեջանի կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող վայրից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս, վնասել գույք, իսկ 3-րդ կրակոցի հետքերը չեն հայտնաբերվել, որոնք ունեցել են ազգային, էթնիկ բնույթի հանգամանքներով պայմանավորված սպանության նպատակ:
Մեկնել են ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննիսյանը, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Կոստանդյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Մկրտչյանը և Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գրիգորյանը:
Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քր. վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: