Այսօր առավոտյան պաշտոնապես տեղի ունեցավ Երևան-Կապան-Երևան ուղղությամբ առաջին չվերթը։ Իրականացնողը «ՆովԷյր» ավիաընկերությունն է։
Hayastan.news-ն այս կապակցությամբ զրուցել է ընկերության գլխավոր տնօրեն Հայրապետ Սարգսյանի հետ։
-Պարոն Սարգսյան, ժամը քանիսի՞ն է տեղի ունեցել առաջին թռիչքը և շաբաթական քանի՞ չվերթ է լինելու։
-Թռիչքները լինելու են առավոտյան ժամը 8-ին՝ Երևանից, 8։45 վայրէջք է կատարվելու Կապանում։ Իսկ վերադարձը՝ ժամը 10-ին է։ Շաբաթական երկու օր է լինելու՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։
-Իսկ առաջին չվերթին քանի՞ ուղևոր է եղել և քանի՞ նստելատեղ ունի օդանավը։
-Օդանավն ունի 17 նստելատեղ։ Առաջին չվերթին երկու ուղևոր է եղել, նրանք տոմսերը վերցրել էին մեր գրասենյակից և մեկնել Կապան, երկու ուղևոր էլ այնտեղից է տոմսերը վերցրել ու մեկնել է Երևան։ Այնտեղից եկողները չգիտեմ՝ ովքեր էին, իսկ Երևանից գնացողներն, իմ իմանալով, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ են եղել։
-Իսկ հետաքրքրվողներ կա՞ն արդեն, ըստ Ձեզ՝ բիզնես տեսանկյունից շահութաբեր կլինի՞ այս ուղղությունը։
-Ներեցեք, դա իմ վերլուծելիքը չէ՝ շահութաբեր կլինի՞, թե՞ չէ, դրա համար պատվիրատու կա, սեփականատեր ունի օդանավը, շահագործող ունի, տարբեր հարցեր կան, պետությունն էլ շահագրգռված է, որպեսզի այդ չվերթերը կատարվեն, որպեսզի տարածաշրջանն ավիափոխադրումների մեջ ներգրավված լինի։ Այդ ամբողջ արված է նրա համար, որպեսզի հասարակ քաղաքացին կարողանա տոմս ձեռք բերել և մեկնել Կապան կամ Կապանից տոմս ձեռք բերի և գա, հասնի Երևան։
-Իսկ պետության կողմից բացի շահարգրգռված լինելը, աջակցության այլ տարբերակներ կա՞ն, օրինակ՝ հարկային արտոնություններ, դոտացիա։
-Դրանք ֆինանսական հարցեր են, ես տեղեկացված չեմ, դրանով մեր ֆինանսական վարչությունն է զբաղվում։
-Ամենակարևորը այսօր անվտանգության հարցն է, կարծում եմ՝ տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանի այցից հետո ադրբեջանցիները կրակել էին Կապանի օդանավակայանի վրա, ուստի անվտանգության մասով ձեզ ինչ-որ երաշխիք տվե՞լ են, որ օդանավը անվտանգ կմեկնի Կապան ու կվերադառնա։
-Երաշխիքներն այնքանով են տրված, որ այնտեղ ռուսական զորքն է, Եվրամիության դիտորդներն են գտնվում այնտեղ, դրանք են մեր երաշխիքները, ուրիշ կողմ ի՞նչ երաշխիք կարող են տալ։
-Պարզապես դա էլ դեռ երաշխիք չէ, քանի որ տեսնում ենք՝ նույնիսկ ԵՄ դիտորդների մեքենայի վրա են կրակում։
-Դե, ի՞նչ ասեմ, երկրորդ չվերթից առաջ էլի կրակել են՝ օդ են կրակել, բայց օդանավը վայրէջք կատարեց Կապանի օդանավակայանում։ Վայրէջքից կես ժամ առաջ, երբ դեռ մենք Երևանի օդային տարածքում էինք, իրենք օդ են կրակել։
-Մի հարց էլ՝ օդանավի մասին։ Կարծիքներ կան, որ Կապանի օդանավակայանի դիրքը, նաև լեռնային տեղանքը հաշվի առնելով՝ ձեր ունեցած այդ L-410 տիպի օդանավը, որը պտուտակային շարժիչով է, ոչ թե տուրբինային, նաև հերմետիկ չէ, այնքան էլ հարմար չէ այդպիսի թռիչքների համար, նաև պետք է մաքսիմալ նպաստավոր եղանակային պայմաններ լինեն՝ քամիներ չլինեն, որ կարողանա անվտանգ թռիչք և վայրէջք կատարել։ Ի՞նչ կասեք այս մասով, արդյոք այդ բոլոր ռիսկերը հաշվարկված են։
-Դրա համար չվերթները առավոտյան են կատարվում։ Բոլոր ռիսկերը հաշվարկված են, անվտանգությունը կարգավորված է, դրա համար էլ չվերթները իրականանում են առավոտյան։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։