Հետևեք մեզ։

Օֆշորային սեփականատերը վաճառում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը. գնորդը հայ գործարար է․ «Հետք»

14:47, 21 օգոստոս 2023
Օֆշորային սեփականատերը վաճառում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը. գնորդը հայ գործարար է․ «Հետք»

Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունը (Chaarat Gold Holdings Limited, CGH) 55,4 մլն դոլարով վաճառում է հայաստանյան իր դուստր ձեռնարկությունը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, որը շահագործում է Կապանի լեռնահարստացման կոմբինատն ու Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, գրում է «Հետքը»։

 

«CGH»-ը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն (ձեռքբերումից հետո անվանափոխվել է՝ դառնալով «Չաարատ Կապան») գնել էր 2019 թ. (գործընթացն սկսվել էր դեռ 2018-ի աշնանը) նախկին սեփականատիրոջ՝ ռուսական արմատներ ունեցող, սակայն օֆշորային Ջերսի կղզում գրանցված «Պոլիմետալ Ինթերնեյշնլի» հետ (Polymetal International plc) կնքված 55 մլն դոլարի գործարքի արդյունքում:

«Chaarat Gold Holdings»-ի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցը «Հետքին», մասնավորապես, ասել էր. «Կապանը հրաշալի հանքավայր է, ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք ձեռք բերել եւ զարգացնել»:

 

Ո՞վ է «Չաարատ Կապանը» վաճառողի սեփականատերը


Օֆշորային «Chaarat Gold Holdings Limited»-ը «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի անմիջական սեփականատերը չէ: Հայկական ընկերության 100 տոկոսի բաժնետերը Կիպրոսում գրանցված «Chaarat Gold International Limited»-ն է, որն իր հերթին պատկանում է «CGH»-ին:

 

«CGH»-ի 45,78 տոկոսի սեփականատերը մեկ այլ օֆշորում՝ Բերմուդյան Կղզիներում գրանցված «Labro Investments Limited»-ն է, որի տերը Շվեդիայի քաղաքացի Մարտին Անդերսոնն է: Արդյունքում հենց Անդերսոնն է «Չաարատ Կապանի» ամենախոշոր իրական սեփականատերը:

 

2018-ին, երբ «CGH»-ը հայտարարեց Կապանի լեռնահարստացման կոմբինատը գնելու մասին, Անդերսոնի մասնակցությունն այդտեղ 35,51 տոկոս էր: Ներկայում «CGH»-ի (բնականաբար, նաեւ «Չաարատ Կապանի») երկրորդ խոշոր բաժնետերը «China Nonferrous Metals Int’l Mining Co. Ltd»-ն է (3,26 տոկոս):  

 

Ինչու՞ է Կապանի կոմբինատը վաճառվում


«CGH»-ն օգոստոսի 16-ին իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ 2019-ին Շահումյանի հանքավայրի շահագործման իրավունքը ձեռք բերելուց հետո դրա արդյունաբերական ցուցանիշները բարելավվել են, Կապան համայնքում արվող ներդրումները շարունակվել են՝ «չնայած շահագործման վրա ազդող նշանակալի աշխարհաքաղաքական իրադարձություններին, ներառյալ՝ հարեւան երկրի հետ ռազմական գործողություններին, կորոնավիրուսի ազդեցությանը եւ Ուկրաինայում շարունակվող կոնֆլիկտի ոչ անմիջական ազդեցությանը»:

 

Ըստ հաղորդագրության՝ «Չաարատ Կապանի» շահույթը (հարկերը վճարելուց հետո) 2021-ին կազմել է 10,5 մլն դոլար, իսկ 2022-ին՝ 1,7 մլն դոլար: Այդուհանդերձ, «CGH»-ի տեղեկացմամբ, 2023 թ. առաջին կիսամյակում Կապանի կոմբինատի եկամուտը (հարկերը չհանած) եղել է ընդամենը 2,3 մլն դոլար, ինչի վրա ազդեցություն է ունեցել դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ եւ ցածր արտադրողականությունը:

 

Ո՞վ է «Չաարատ Կապանի» գնորդը 


«Chaarat Gold Holdings»-ը հայտնել է, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գնորդը «Գոլդ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն է (Gold Mining Company): Չնայած հաղորդագրության մեջ ասվում է, թե գնորդը նաեւ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրն է շահագործում, սա այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այս հանքի շահագործողը «Լիճքվազ» ՓԲԸ-ն է, ոչ թե «Գոլդ Մայնինգ Քոմփանին»: «CGH»-ը, նկատի ունենալով «Լիճքվազ» ՓԲԸ-ին, նշել է, որ այն Կապանի լեռնահարստացման կոմբինատին տարիներ շարունակ հանքաքար է մատակարարել, այսինքն՝ այդ հանքաքարը մշակվել է Կապանում: Սա պատահական չէ, քանի որ նախկինում երկուսն էլ պատկանում էին նույն ընկերությանը՝ վերը հիշատակված օֆշորային «Պոլիմետալ Ինթերնեյշնլին»:

 

2019-ից «Լիճքվազ» ՓԲԸ-ն պատկանում է Երեւանի գրանցում ունեցող քաջարանցի Սասուն Ավետիսյանին, որը նաեւ ընկերության գլխավոր տնօրենն է: Բացի դրանից՝ նա «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» սեփականատերն է: Այսինքն՝ այս երկուսը փոխկապակցված ընկերություններ են:

 

Բայց եթե Երեւանում գրանցված «Լիճքվազ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թ. եւ ներկայում իրավունք ունի մինչեւ 2036 թ. շահագործել Մեղրու Լիճքվազ-Թեյի հանքավայրը, ապա նույնպես երեւանյան «Գոլդ Մայնինգ Քոմփանին» պետական գրանցում է ստացել այս ամիս՝ օգոստոսի 2-ին: Փաստորեն, այս ընկերությունն, ըստ էության, ստեղծվել է «Չաարատ Կապանի» բաժնետոմսերը «Chaarat Gold Holdings»-ից գնելու համար: Հավելենք, որ «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» տնօրենը քաջարանցի Արտյոմ Պետրոսյանն է:  

 

«CGH»-ը հայտարարել է նաեւ, որ գնորդ ընկերության՝ «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» սեփականատերը (Սասուն Ավետիսյանը) տնօրեն ու համասեփականատեր է «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում (S&A Mining), որը երկար ժամանակ Կապանի կոմբինատի կապալառու գործընկերներից է (ըստ ՊԵԿ-ի՝ զբաղվում է հանքարդյունահանման համար տարածք նախապատրաստելով):

 

Ս. Ավետիսյանն իսկապես 2015-ին հիմնադրված երեւանյան «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, բայց դրա ֆորմալ սեփականատերը չէ, քանի որ «Էս Ընդ Էյ Մայնինգը» պատկանում է երեւանյան մեկ այլ ընկերության՝ «Վանդ-Գասս» ՍՊԸ-ին, որի տերերը երկուսն են՝ Սասուն Ավետիսյանի հայրը՝ Սլավիկ Ավետիսյանը, եւ քաջարանցի Մարիամ Ներսիսյանը, որի հայրը՝ Արիստակես Ներսիսյանը, եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր հաշվապահ այն ժամանակ, երբ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր: Ընդ որում՝ «Վանդ-Գասսի» ներկա տնօրենը Մարիամ Ներսիսյանի եղբայրն է՝ Գառնիկ Ներսիսյանը, որն այդ պաշտոնում փոխարինել է Սասուն Ավետիսյանին: Ստացվում է, որ «Չաարատ Կապանի» կապալառու գործընկեր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերությունը ԶՊՄԿ-ի նախկին ազդեցիկ ֆիգուրներից Արիստակես Ներսիսյանի ու հանքարդյունաբերոության մեջ դիրքերն ամրապնդող Սասուն Ավետիսյանի ընտանիքների համատեղ բիզնեսն է:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։