Հետևեք մեզ։

«Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի ստեղծած հանցավոր կազմակերպության ևս 3 մասնակցի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

16:55, 21 օգոստոս 2023
«Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի ստեղծած հանցավոր կազմակերպության ևս 3 մասնակցի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ խուլիգանության և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից ևս երեք անձի վերաբերյալ նախաքննությունը:

 

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Ա.Ա.-ն, հակառակորդ համարվող անձանց հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով դրդված, մարտի 14-ին կազմակերպության անդամներին հանձնարարել է հավաքվել Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրում, որտեղ վերջիններս, զինված ապօրինի կերպով ձեռք բերած հրազեններով և ռազմամթերքով, սպասել են հակառակորդ խմբավորման անդամների և նրանց համախոհների ժամանելուն:

 

Նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, վերջիններս, ապօրինի կերպով ձեռք բերած զենքերով զինված, ժամանել են հիշյալ համալիր: Վերը նշված երկու խմբավորումների կազմում ընդգրկված անձինք, իրենց անձի և խմբավորման առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, 2-3 րոպե տևողությամբ խաթարել են Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի երթևեկությունը, աղմկել են, հայհոյել և փոխադարձ կռվի են բռնվել միմյանց հետ, որի ընթացքում տարբեր հրազեններից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ: Այդ ընթացքում հանցավոր կազմակերպության անդամ, մարզիկ Գ.Ա.-ն, բռնություն գործադրելով հակառակորդ խմբավորման մասնակիցների նկատմամբ, հարվածներ է հասցրել նրանց, ապա՝ նախապես վերցրած՝ ապօրինի կերպով ձեռք բերած հրազենից կրակոցներ է արձակել ու նույն զենքի բռնակով հարվածել նրանցից մեկի գլխին: 

 

Հիշյալ խուլիգանության, ինչպես նաև 2021թ. մայիսին հանցավոր համագործակցության մասնակիցներից մեկի և Ա.Ա.-ի եղբոր սպանության դեպքերից հետո, Ա.Ա.-ն և վերջինիս կնոջ բարեկամ Կ.Ղ.-ն մեկնել են ՀՀ-ից, որից հետո հանցավոր համագործակցության մասնակից Ա.Հ.-ն ստանձնել է հիշյալ կազմակերպության ղեկավարի դերակատարությունը: 

 

Վերջինս, հակառակորդ խմբավորման անդամների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու՝ նրանց սպանելու նպատակով, Արմավիրի մարզի բնակիչներ Հ.Ի.-ին, Դ.Բ.-ին և այլ անձանց, պատվիրել է խոշոր գումարի դիմաց սպանել վերը նշված անձանց: Ընդունելով առաջարկը՝ Դ.Բ.-ն և Հ. Ի.-ն ընդգրկվել և մասնակցել են վերը նշված հանցավոր համագործակցությանը, հիշյալ սպանություններն իրականացնելու նպատակով, Ա.Հ.-ի ղեկավարմամբ, սկսել են մարտարվեստի հնարքներ սովորել, սակայն շուրջ երկու շաբաթ մարզումների մասնակցելուց հետո վերջիններս հրաժարվել են իրագործել նախկինում ստանձնած սպանությունների կատարումը, որի արդյունքում վերոհիշյալ հանցագործություններն ավարտին չեն հասցվել:

 

Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներին հսկողության տակ և իրենց տեսադաշտում պահելու նպատակով Ա.Հ.-ն ներգրավել է նրանց հանցավոր համագործակցության կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահված զենքերի ու ռազմամթերքի տեղից-տեղ փոխադրելու, պահելու գործընթացի մեջ: 

 

Հանցավոր կազմակերպության անդամները ապօրինի կերպով ձեռք են բերել, կրել, փոխադրել և տարբեր վայրերում պահել տարբեր տեսակի զենք և ռազմամթերք, որոնք նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են:

 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամ Գ.Ա.ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 3-րդ մասով, Դ.Բ-ին և Հ.Ի.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով: 

 

Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերլուծական