Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը, որը ֆեյսբուքում պարբերաբար Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին նմանակող, ծաղրող տեսանյութեր է տարածում, այսօր հայտնել է, որ շաբաթ օրը իրեն տարել են Ասկերանի ոստիկանություն, մեկ օր պահել, ծեծել և բաց թողել։
Նա Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ իրեն Արայիկ Հարությունյանին ծաղրելու համար չեն տարել ոստիկանություն և ծեծել, այլ հաց չլինելու պատճառով Ստեփանակերտում բողոքի ակցիա կազմակերպելու համար։
Շաբաթ օրը գիշերը՝ հավաքից հետո, ժամը երկուսի կողմերը, ինձ բռնեցին, վեց հոգով գցեցին «Ուազի» մեջ, տարան ոստիկանություն, համարյա մի օր պահել են ու կիրակի օրը, էլի համարյա գիշերվա երկուսին բերել թողել են տան մոտ։ Ինձ «Ուազի» մեջ ծեծել են, իրենք մասկով են եղել, իմ գլխին էլ են մասկա գցել, ձեռքերիս էլ՝ «նառուչնիկներ» գցած, խփել են, որ չիմանամ՝ ով են իրենք։ Բայց ես կարում եմ ապացուցեմ, որ ինձ տարել են Ասկերան։ Էդ մասկեն, որ գցել էին, էդ մասկեն ծակ-ծուկ ա եղել, իմացել եմ՝ ով ա էդ ժամանակ ինձ խփում, ով որ առանց մասկա ա եղել, իսկ ով մասկով ա եղել՝ չեմ իմացել, թե ով ա»,-ասաց Դավիթ Մինասյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ ինքը Արցախի նախագահին ծաղրող տեսանյութեր է տարածում ֆեյսբուքյան իր էջում, Մինասյանն ասաց․ «Ես մեր նախագահի մասին կատակներ եմ անում, դրա համար ինձ ոչ մեկը ոչ մի բան չի ասել, ու էն մարդիկ, որ ինձ նայում են, բալետ են անում, խնդրել են, թե՝ Դավիթ, մի հատ խոսա, չենք կարում ապրենք, պահեստներում ամեն ինչ կա, բայց իրենք խանութներին չեն տալիս, որ առնենք ուտենք։ Ես, օրինակ, «Ղարաբաղ տելեկոմում» եմ աշխատում, փողը ձեռքս ա, բայց ի՞նչ առնեմ՝ ուտեմ։ Մեր տանը քաղցր ոչ մի բան չկա։ Ընտանիքներ կան՝ լիքը երեխեք ունեն, բայց մի կոնֆետ, թեկուզ կես գդալ պեսոկ չունեն։ Բայց կան ընտանիքներ՝ լիքը բաներ ունեն իրենց մարդկանց շնորհիվ։ Բայց սովորական մարդիկ չունեն։ Երկու շաբաթ ա՝ կարտոֆիլ եմ ուտում, հիմա էդ էլ չկա, հաց էլ չկա, մի քիչ լավաշ կա՝ երեկ մամաս առել ա, հիմա լավաշ ու խաղող ենք ուտում։ Ու ինձ ծեծել են նրա համար, որ ես դուրս եմ եկել փողոց, գոռում եմ՝ սոված եմ»։
Ոստիկանությունում Դավիթին ասել են՝ ինչո՞ւ է ակցիա անում, թե սոված եմ, իրենք էլ են սոված։ Ճանապարհին ծեծելուց հետո Դավիթ Մինասյանին մի հատ էլ ոստիկանությունում են ծեծել՝ մեկ օր պահելով խցում, այնտեղ նաև խուզարկել են, գրպաններից հանել են բջջային հեռախոսը, գրպանի գումարը՝ 13 հազար դրամ ու կրիչը (ֆլեշկա), որի մեջ միայն երգեր են եղել։ Հեռախոսից ջնջել են անձնական նկարներն ու տեսանյութերը, սակայն ֆեյսբուքի իր էջ չեն մտել, որևէ բան այնտեղից չեն հեռացրել։ բաց թողնելուց հետո անձնական իրերը վերադարձրել են։ Նրա խոսքով՝ իր հեռախոսի մեջ նաև ինչ-որ ծևագիր են ներբեռնել, որ իրեն հետո հետևեն, սակայն այդ ծրագիրն ինքը հեռացրել է իր հեռախոսից։
«Ոստիկանությունում էլ ծեծողների մեջ Ասկերանի ոստիկանության պետն է եղել։ Գիշերը պահել են, առավոտ էդ պետը եկել ինձ ասում է՝ հը՞, խելքի՞ ես եկել, թե բա՝ դուրս ես գալիս, հավաք ես անում, թե՝ սոված ես, մենք էլ ենք սոված։ Ասում՝ դու էլ ես սոված, արի միացիր ինձ»,-պատմեց Դավիթ Մինասյանը։