ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը՝ Լիտվայի կողմից սահմանային անցակետերի փակման պատճառով։ Այս մասին ասվում է Մինսկում ամերիկյան դեսպանատան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը։ Մտածեք հեռանալ Լիտվայի և Լատվիայի մնացած սահմանային անցումներով կամ ինքնաթիռով: ԱՄՆ քաղաքացիներին թույլ չեն տալիս Բելառուսից ցամաքային ճանապարհով մուտք գործել Լեհաստան»,- հայտնել են իշխանությունները։
Օգոստոսի 16-ին Բելառուսի պետական սահմանային կոմիտեն Լիտվայի կողմից երկու սահմանային անցակետերի փակումն անվանել է ոչ կառուցողական քայլ։ Մինչ այս Լիտվայի իշխանություններն իրենց որոշումը բացատրում էին «աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություններին և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին համարժեք պատասխանով»։