Հետևեք մեզ։

Ադրբեջանն իր դիտարկումներն է ներկայացրել Հաագայի դատարան՝ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ-ի ներկայացրած առարկությունների վերաբերյալ

21:57, 21 օգոստոս 2023
Ադրբեջանն իր դիտարկումներն է ներկայացրել Հաագայի դատարան՝ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ-ի ներկայացրած առարկությունների վերաբերյալ

Այսօր Ադրբեջանն իր դիտարկումներն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կապված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների հետ։

 

Այս մասին Twitter-ում հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

 

«Հայաստանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումն ուղղակիորեն գտնվում է ՄՔԴ իրավասության ներքո»,- ասվում է գրառման մեջ։

 

Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի Նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի Գրավոր դիտարկումները։

 

Նշենք, որ 2023-ի հունվարին Երևանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարան դիմում ներկայացրեց՝  պահանջելով ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։

 

Նմանատիպ մի գանգատ էլ Հայաստանի դեմ այդ նույն ատյան է ներկայացրել Բաքուն՝ իր հերթին պահանջելով ճանաչել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի խտրական վերաբերմունքը։

 

 

«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ներկայացված ՀՀ դիմումում տեղ գտած պահանջներն վերաբերում են «Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության և խտրական վերաբերմունքի հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանը»։