Հետևեք մեզ։

Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ. Փաշինյան (տեսանյութ)

11:37, 16 մարտ 2023
Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ. Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանն ու Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող սադրանքներին՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը, ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին հրապարակված որոշման, շարունակում է ապօրինի կերպով փակ պահել Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։

«Սրա արդյունքում հումանիտար իրավիճակը Արցախում շարունակում է մնալ լարված։ Միևնույն ժամանակ տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Սրա վերջին աղաղակող դրսևորումը Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից՝ սույն թվականի մարտի 5-ին»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ հերթական այս միջադեպը տեղի է ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։

Նրա խոսքով՝ հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ այդ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում։ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Արցախում կամ, իր խոսքերով ասած, Լեռնային Ղարաբաղում կա Պաշտպանության բանակ, և այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունն արդարացված է։ «Բայց Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ, այդպիսի մեխանիզմ է նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը»,-հիշեցրեց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ՌԴ-ն իր ստանձնած գործառույթը՝ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, կկատարի լիարժեք։ «Բայց եթե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ գործառույթն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության զարգնվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու մասին։ Ընդ որում, ես որևէ կանխավարկած չունեմ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ»-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերլուծական