Հետևեք մեզ։

Մի բան է այդ կարծիքը, մեկ այլ բան է, որ պետք է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը․ սոցապնախարարը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարության մասին

15:42, 22 օգոստոս 2023
Մի բան է այդ կարծիքը, մեկ այլ բան է, որ պետք է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը․ սոցապնախարարը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարության մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Hayastan.news-ի հարցին, թե ինքն ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Նիկոլ Փաշինյանը արդեն բանավոր կերպով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, արդյոք սպասո՞ւմ էր դրան կամ ուրա՞խ է դրա համար, պատասխանեց․ «Ուրեմն, էն հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, դա ՀՀ կառավարության դիրքորոշումն է։ Հետևաբար, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ունի իր մանդատի շրջանակներում լիազորություններ, որոնք էլ կատարում է»,-ասաց նախարարը։

-Բայց վաղը այդ պատասխանատվությունը Դուք էլ եք, չէ՞, կիսելու՝ որպես կառավարության անդամ։

-Այո, ցանկացած պատասխանատվություն, լինելով կառավարության անդամ, մենք կիսում ենք։

-Իսկ բարոյակա՞ն է, որ արցախցիների փոխարեն դուք որոշեք իրենց ճակատագիրը։

-Արցախցիների իրավունքը, արցախցիների անվտանգությունը դիվանագիտական բանակցություններում առանցքային տեղում է։

-Բայց իրենք դեմ են, որ հայտնվեն Ադրբեջանի կազմում, իրենք չեն ուզում դա։

-Մի բան է այդ կարծիքը, մեկ այլ բան է, երբ կա հետևյալ մոտեցումը, որ պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնել, և բազմիցս է հայտարարվել, որ առանց Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսելու՝ որևիցե հարցի լուծում անհնար է։ Եվ այդ երկխոսման ամենակարևոր սկզբունքներից մեկը դրված է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը։

-Իսկ ինքնորոշման հարցը դրվա՞ծ չէ։

-Դա այլ հարց է։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ