Հետևեք մեզ։

ԼՂ Հադրութի, Շուշիի, Մարտունու և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

12:38, 16 մարտ 2023
ԼՂ Հադրութի, Շուշիի, Մարտունու և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի շրջանների, Շահումյանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանզիմներ պետք է գործարկվեն։ Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ այս թեմայով ԱԳՆ-ն հանձնարարություն ունի բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ։

Փաշինյանը հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ասաց, որ միջազգային մեխանիզմը սահմանված է այդ հայտարարության 7-րդ կետում, սակայն  մինչ օրս չի գործարկվել։

«Ի դեպ, այս կապակցությամբ պետական մարմիններին են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու մենք նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադարձնելու հարցը չենք բարձրացնում։ Սակայն, խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղի և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին և ներքին տեղահանվածներին, բայց սա, իհարկե, խոչընդոտ չէ, որ այդ և այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներն ինքնակազմակերպվեն և իրենց գույքային, վերադարձի և այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում»,-ասաց Փաշինյանը։

 

Վերլուծական