Հետևեք մեզ։

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը անշարժ գույք է ձեռք բերել Արաբական Էմիրություններում․ «Հետք»

17:02, 22 օգոստոս 2023
Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը անշարժ գույք է ձեռք բերել Արաբական Էմիրություններում․ «Հետք»

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը 2022 թվականին մոտ 1 միլիարդ 690 միլիոն դրամի եկամուտ է ստացել հորից՝ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանից։ Այս մասին նշված է համայնքապետի՝ 2022թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում։ Եկամուտը ձևակերպված է որպես ստացված փոխառություն, գրում է «Հետքը»։

Այս գումարի հիմնական մասը Արսենյանը ստացել է արտարժույթով՝ 83 հազար ԱՄՆ դոլար և ավելի քան 15,2 միլիոն Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամ, որը ըստ Կենտրոնական բանկի փոխարժեքների արխիվի՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ համարժեք է եղել շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամի կամ 4.1 միլիոն ԱՄՆ դոլարի։

Աշոտ Արսենյանից ստացած գումարը գրեթե ամբողջությամբ նշված է նաև Ջերմուկի համայնքապետի ծախսերի բաժնում։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Վահագն Արսենյանը հայտնեց, որ նշված գումարը իր կողմից տրվել է որպես կանխավճար՝ անշարժ գույք և ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Նրա խոսքով՝ կանխավճարից բխող գործարքները շարունակվել և ավարտվել են 2023 թվականին։

«Անշարժ գույքը և ավտոմեքենան սեփականության իրավունքով ինձ փոխանցվել են 2023 թվականին և որպես սեփականություն արտացոլված կլինեն 2023 թվականին իմ կողմից ներկայացվելիք հայտարարագրում»,- նշված է համայնքապետի պատասխանում։

Քանի որ Արսենյանի ծախսերը ներկայացված են արտարժույթով, գերակշիռ մասը՝ էմիրությունների դիրհամով, կարելի էր ենթադրել, որ համայնքապետը անշարժ գույք ձեռք է բերել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Արսենյանը չհերքեց՝ ասելով, որ այդ մասին կնշի 2023թ․ հայտարարագրում։

Բացի հորից ստացած եկամտից՝ Վահագն Արսենյանը 25 միլիոն 350 հազար դրամի փոխառություն ստացել է նաև Նորայր Մովսիսյանից և շուրջ 4 միլիոն դրամ՝ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Արսենյանը նաև 2021 թվականի արտադրության PORSCHE 911 GT3 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել, որը ձեռք է բերել նույն տարում։ Ըստ 2021 թվականի հայտարարագրի՝ համայնքապետը մեքենան գնել է «Ավտոհաուս» ՍՊԸ-ից 118 միլիոն դրամով։ 

 

 

Համայնքապետի հայտարարագրած 9 հողամասերի, 1 բնակարանի, հասարակական 5 շինությունների և 4 ավտոկայանատեղիների մեծ մասը՝ 12 միավոր անշարժ գույքը, գտնվում է Վայոց ձորի մարզում, 5-ը՝ Երևանում, 2-ը՝ Արցախի Հանրապետությունում։

Վահագն Արսենյանը նաև ամենաշատ կանխիկ դրամն է հայտարարագրել ՀՀ 71 համայնքների ղեկավարների շարքում։ Ըստ հայտարարագրի՝ 2022-ի վերջում Արսենյանն ունեցել է կանխիկ 26 միլիոն դրամ, 2 միլիոն ԱՄՆ դոլար, 375 հազար եվրո և 6.5 միլիոն ռուսական ռուբլի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։