Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ տեղյակ պահել, որ ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Այսպիսով՝ թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,- ընդգծեց վարչապետը։
Միևնույն ժամանակ, վարչապետը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետևանքով բռնազավթած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։