Հետևեք մեզ։

Դա ընդամենն իրենց PR ակցիան է․ Հակոբ Ճաղարյանը՝ Երևան-Կապան թռիչքների մասին

17:40, 22 օգոստոս 2023
Դա ընդամենն իրենց PR ակցիան է․ Հակոբ Ճաղարյանը՝ Երևան-Կապան թռիչքների մասին

Ադրբեջանցիները թքած ունեն ամեն ինչի վրա, որովհետև այն պահից, երբ չպարտված բանակը կապիտուլացվում է, երբ չպարտված բանակի գերագույն գլխավոր հրամանատարը կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրում, դրանից հետո դիմացինը՝ այսպես ասած հաղթող կողմը իրեն պահում է լկտի ու ցինիկ։ Նա թքած ունի միջազգային նորմերի վրա և կվերցնեն կկրակեն իրենց սարի գլխից Կապանի օդանավակայանի վրա, կկրակեն շենքի վրա, կարող է մարդկանց վիրավորեն, կարող է օդանավը ծակեն, ու ոչ մի բան Հայաստանը դրան չի հակադրի։ Նույնիսկ Նախիջևան-Բաքու թռիչքը չի արգելելու մեր օդային տարածքով կատարել։ Իրավիճակը սա է։

 

Hayastan․news-ի հետ զրույցում անդրադառնալով Երևան-Կապան-Երևան նոր մեկնարկած թռիչքներին՝ ասաց ավիացիոն ոլորտի մասնագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ ընդգծելով, Սյունիքի հետ օդային կապը կարևոր է, բայց ոչ անհրաժեշտ։

 

-Նախիջևան-Բաքու չվերթը մեր օդային տարածքո՞վ է տեղի ունենում, Հայաստանի ո՞ր հատվածներով է անցնում, և վաղո՞ւց է այդպես։

 

-Այո, պատերազմից ու այս խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանցիները Նախիջևան-Բաքու չվերթը, որ առաջ իրականացնում էին Իրանի տարածքով, հիմա հատուկ ընդգծված Հայաստանի տարածքով են իրականացնում, չնայած որ մեր տարածքով մի քիչ ավելի երկար է տևում։ Վայոց Ձորի վրայով հատում են մեր օդային տարածքը, գնում են Սևան, այնտեղից նոր մտնում են թռիչքային օդային ուղի և շարունակում են դեպի արևելք՝ դեպի Բաքու։ Շատ զգալի չէ, բայց մի 7-8 րոպե Հայաստանով թռիչքը ավելի երկար է ստացվում, իսկ նրանք ամեն գնով թռիչքները կատարում են Հայաստանով։ Ու քանի որ մեր թշնամիները վստահ են, որ հայ-ռուսական իբրև թե համատեղ հակաօդային պաշտպանությունը ոչ մի բան չի ձեռնարկելու, իրենք շատ հանգիստ և՛ կկրակեն մեր օդանավի վրա, և՛ կխանգարեն մեր թռիչքներին, ինչն, իմիջիայլոց, իրենք հայտարարել են իրենց Միլի մեջլիսում, որ «Սյունիք» օդանավակայանը Ստեփանակերտի՝ «Խանքենդիի» օդանավակայանի պես լինելու է թանգարանային նմուշ։ Այսինքն՝ նույնիսկ չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները։

 

-Դուք ասացիք՝ Սյունիքի հետ օդային կապ ունենալը կարևոր է, բայց ոչ՝ անհրաժեշտ։ Եթե Դուք լինեիք Հայաստանի քաղավիացիայի ղեկավարներից, նպատակահարմար կհամարեի՞ք այդպիսի չվերթ իրականացնելը։

 

-Ուրեմն Քաղավիացիան որևէ գործառույթ չունի կոմերցիոն չվերթների հետ, Քաղավիացիան՝ ինչպես պետավոտեսչությունն է, այսինքն՝ լուսացույցեր, ճանապարհային նշումներ, վարորդական իրավունքներ և այլ հարցերով է։ Նույնը վերաբերում է Քաղավիացիային։ Երբ նախորդ ղեկավար կոչվածը պոչը տնկած՝ բաներ էր անում, թե Wizz Air բերեմ, Ryanair բերեմ, դա իր գործառույթը չէր, կանոնադրությունը արգելում է դա, և, ընդհանրապես, ՀՀ Սահմանադրությունն է արգելում, որովհետև այդտեղ շահերի բախում կա։ Քաղավիացիայի գործառույթը օրենքների, ավիացիոն անվտանգության հետ է կապված, կոմերցիոն ոչ մի գործառույթ չունի։ Քաղավիացիայի կոմիտեն իրավունք չունի որևէ ընկերության ասի՝ ինչո՞ւ ես էս թռիչքն իրականացնում։ Իսկ ավիաընկերությունը, որը կատարում է այդ թռիչքները, իրավունք ունի ոչ շահութաբեր լինելու պատճառով դա չիրականացնել։ Այս թռիչքը կարևոր է, բայց անհրաժեշտ չէ, և ամենայն հավանականությամբ՝ պետության կողմից սուբսիդավորվող է։ Ես դրան դրական եմ վերաբերվում, որ այդպիսի թռիչքը սուբսիդավորվի պետության կողմից։ Բայց ես սա չեմ դիտարկում որպես շահութաբեր թռիչք։ Փոխարենը ես ողջունում եմ այդ սուբսիադավորումը դեպի հեռավոր մարզ կատարվող թռիչքի համար։ Դա նորմալ է ու եսիմ ինչ գումար էլ չէ։ Ասենք՝ Հայաստանի կառավարությունը սուբսիադավորել է իռլանդական Ryanair-ին 5 մլն եվրոյի չափով, որ դեպի Հայաստան թռիչքներ կատարեն, որ կառավարության PR ակցիան կայանա, որ ասեն՝ տեսա՞ք, թե ինչ հեղափոխություն արեցինք, ընդամենը 35 եվրոյով կարող եք գնալ Հռոմում կամ Միլանում սուրճ խմեք՝ գաք։ Բայց դա PR ակցիա էր։ Իսկ Սյունիք կամ, ընդհանրապես սահմանամերձ մարզեր թռիչքների սուբսիդավորումը պետության կողմից ավելի քան առողջ մոտեցում է, ուղղակի հարցը մնում է այն, թե դա անհրաժե՞շտ է այս պայմաններում, թե՞ ցանկալի։ Բայց դա ընդամենը իրենց PR ակցիան է, ուրիշ ոչինչ։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ