Հետևեք մեզ։

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ (տեսանյութ)

22:20, 22 օգոստոս 2023
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ (տեսանյութ)

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 22-ին, ժամը 09։30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը,  դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

«Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ռ․ Վ․, ծնված 1986 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Հ․ Խ․) և «Honda» (վարորդ՝ Գ․ Դ․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարածքը սահմանազատվել է տեղի ուժերով:

Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ս․-ին (ծնված 1995 թ.) մոտեցրել են պարեկային ծառայության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Վ․-ին (ծնված 1985 թ.), «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս․ Դ․-ին (ծնված 1997 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ռ․ Վ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: