Լույս աշխարհ է եկել ամերիկահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի և աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան։
Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտնում է Ալեքսիս Օհանյանը.
«Բարի գալուստ, Ադիրա Օհանյան։
Ես երախտապարտ եմ տեղեկացնել, որ մեր տունը համալրվում է սիրով. երջանիկ և առողջ նորածին աղջիկ և երջանիկ և առողջ մայրիկ»:
Նա երախտագիտություն է հայտնել Ուիլյամսին, նշելով, որ նա իրեն ևս մեկ անզուգական պարգև է տվել։
Բացի այդ, Օհանյանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, ովքեր հոգ են տարել կնոջ ու դստեր համար։
Ամերիկահայ գործարարը նշել է, որ երբեք չի մոռանա այն պահը, երբ ավագ դստերը ծանոթացրել է նորածին դստեր հետ։