Հետևեք մեզ։

Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացնում. Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարարի հետ

17:39, 23 օգոստոս 2023
Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացնում.  Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարարի հետ

Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամին և առկա լրջագույն մարտահրավերներին։ Արարատ Միրզոյանն նշել է, որ ԼՂ 120000 ժողովրդին սովահարության մատնելով և արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացնում:  

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանն արդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը:

Բարձր գնահատելով միջազգային գործընկերների հասցեական ուղերձները՝ նախարար Միրզոյանը շեշտել է գործուն քայլերի կարևորությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման և Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովման նպատակով: