Հետևեք մեզ։

ՀՀ կառավարությունն Արցախին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի

14:47, 24 օգոստոս 2023
ՀՀ կառավարությունն Արցախին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:

Գործադիրը հավանություն է տվել 2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության մաքսային ծառայությունների միջև փոխհամագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ին միացված ծրագրային և տեխնիկական միջոցներով ապահովում են այդ ապրանքների վրա առկա հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգ: Միաժամանակ, վերոգրյալ գործողությունների չիրականացումը սահմանել որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։ Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է արդյունավետ դարձնել հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։ Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է հաստատել հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները: