Հետևեք մեզ։

Երբ գնան այդ դավադիր քայլին, համարժեք պատասխան ստանալու են․ Դավիթ Գալստյանը՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու մասին

19:11, 24 օգոստոս 2023
Երբ գնան այդ դավադիր քայլին, համարժեք պատասխան ստանալու են․ Դավիթ Գալստյանը՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, թե իրենց հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ:

 

Hayastan.news-ն Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանից հետաքրքրվեց,  թե արդյոք Արցախո՞ւմ էլ են շրջանառվում այդպիսի տեղեկություններ։ «Մենք կարող ենք ենթադրել, թե Նիկոլ Փաշինյանին այդ ինֆորմացիան որտեղից է, և Նիկոլ Փաշինյանն այս ամբողջ բլոկադայի ընթացքում այդպես էլ որևէ գործնական քայլ չձեռնարկեց, այլ ընդամենը ինչ-որ փաստեր է արձանագրում և տեղեկություններ հաղորդում, որը միտված է արցախահայության ոգին կոտրելուն, հիասթափեցնելուն։ Բայց, հակառակ Նիկոլ Փաշինյանի այդ մտադրությանը, որին կարող է նաև մասնակից լինել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, արցախահայությունը իր մեջ ուժ է գտնելու և Արցախը պահելու է հայկական»,-ասաց Դավիթ Գալստյանը։

 

-Ի դեպ, արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ Արայիկ Հարությունյանը մտադիր է համաձայնել Աղդամի ճանապարհի օգտագործմանն ու այնտեղով սնունդ մտցնել Արցախ։ Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք։

 

-Նման քննարկումներ եղել են, երբ մեր կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանը հանդիպել է այդ հարցով, և Արայիկ Հարությունյանն ասել է, որ նման առաջարկ է ստացել, թե իրեն ստիպում են՝ չեմ կարող հստակ ասել, թե ինչպես է Արայիկ Հարությունյանը ձևակերպել, բայց երբ նման հարց քննարկվել է։ Այդ ժամանակ մեր կուսակցության դիրքորոշումը հայտնել ենք նրան,  որ ինքը չի տիրապետում իրավիճակին, և ինքը միակողմանի զիջումներով չի կարողանում հարցին լուծում տալ, և որ ինքը պատրաստ չէ նմանատիպ գործողությունների, ինչպես պատրաստ չեղան, երբ մեր 17 տարեկան ուսանողներին տեղափոխում էին Հայաստան, չկարողացան այդ ուսանողների հետ այնպես աշխատել, որ նրանք Լաչինի միջանցքում հայտնի իրավիճակում չհայտնվեին։ Նույնը մենք ասել էինք, երբ Բերձորը, Աղավնոն և Սուսը հանձնում էին, մենք առաջարկել էինք, որ մինչև չլինի եռակողմ փաստաթուղթ, որ միջանցքը տեղափոխվում է նույն կոորդինատներով, պետք չէ դա ընդունել։  Նույն պատմությունը եղել է, երբ Արայիկ Հարությունյանը որոշել է այդ անցակետը օգտագործել, որը մինչև այդ կարմիր գիծ էր նախանշում, և տեսանք, որ այդ անցակետով մարդիկ էին տեղափոխում Հայաստան։ Էլի պետք չէր այս առաջարկն ընդունել, որ Ադրբեջանը չկարողանա մի քանի տեսահոլովակ նկարել և ցույց տալ, որ բլոկադա չկա, որը իրականությանը համահունչ չէ, միջազգային հանրությանը չկարողանար մոլորեցնել, բայց Արայիկ Հարությունյանն ու իր իշխանությունը ականջալուր չեղան մեր առաջարկներին։ Ակնան նույն ձևի առաջարկ է, որը մենք կտրականապես մերժել ենք, որովհետև այս իշխանությունները չգիտեն քայլերի հերթականությունը, չունեն ո՛չ մշակված ռազմավարություն, ո՛չ օրակարգ, ո՛չ ճանապարհային քարտեղ։ Եվմեր միակ առաջարկն այս իշխանություններին եղել է այն, որ դուք այլևս ի վիճակի չեք որոշումներ կայացնել, և լավ կլիներ՝ անցնցում իշխանությունը փոխանցել կարող ուժերին, որ այս իրավիճակը հանգուցալուծեն։

 

-Իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման այդպես էլ փակվեց-գնա՞ց։

-Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման ինքը գցեց օրակարգ, որը մենք հենց նույն օրը ասացինք, որ դա հերթական շոուն է, և ինքն էլ փակեց։ Բայց ոչ թե ինքը փակել է հրաժարականի թեման, այլ ինքն ուղղակի հրաժարական չտվեց։ Բայց այդ թեման պատերազմից հետո ամեն օր արդիական է։ 

 

-Եթե, այդուհանդերձ, Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ, որոշի Աղդամով ճանապարհն էլ օգտագործել, Լաչինի միջանցքն էլ միակողմանի օգտագործել, այդ պարագայում կարողանալո՞ւ է արցախահայությունը դիմադրել դրան և ո՞րն է լինելու դիմադրության տարբերակը։

 

-Շատ տարբերակներ կան, ուղղակի, եթե այսօր խոսենք քայլերի հերթականությունից կամ բացահայատենք այդ քայլերը, կարող է այդ քայլերն արդեն օգուտ չտան։ Դրա համար ինձ թվում է, որ երբ նրանք որոշեն գնալ այդ դավադիր քայլին, համարժեք պատասխան ստանալու են։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ