Գործարար Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանը Կրեմլի մասնակցության մասին պնդումները իրականության հետ կապ չունեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Օգոստոսի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է գործարարի ինքնաթիռի կործանման մասին։ Իր խոսքում պետության ղեկավարը Պրիգոժինին անվանել է բարդ ճակատագրով տաղանդավոր անձնավորություն։
Պեսկովի խոսքով՝ մեծ թվով շահարկումներ են առաջացել Տվերի մարզի երկնքում ավիավթարի շուրջ։ «Սա բացարձակ սուտ է»,- ընդգծել է նա։
Նշենք, որ Պրիգոժինը մահացել է օգոստոսի 23-ին Embraer բիզնես-ջեթում՝ ինը մարդու հետ։ Վթարից հետո քրեական գործ է հարուցվել։ Հետաքննությունը դիտարկում է Տվերի մարզում ավիավթարի պատճառների մի քանի վարկած,այդ թվում՝ օդաչուի սխալ, տեխնիկական խնդիրներ և արտաքին ազդեցություններ։