Ես անձամբ եմ ականատես եղել, երբ փոխքաղաքապետը գլուխը բռնել ու ասում էր՝ մենք հեղափոխությունը դրա համար չենք արել․ Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ այս ընտրություններին մասնակցում է «Ազգային առաջաընթաց» կուսակցության ցուցակով, չի շտապում դուրս գալ փողոց և ակտիվ քարոզարշավ անել։ Մինչդեռ նրա հիմնական մրցակից Տիգրան Ավինյանը երկու օր է՝ բակերում քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենում և Հայկ Մարությանի քաղաքապետության օրոք կատարված աշխատանքն էլ հաճախ վերագրում իրեն ու իրենց թիմին։
Ֆեյսբուքում ևս ՔՊ-ականներն ակտիվ են Մարությանի դեմ հակաքարոզչության հարցում։ Օրինակ՝ Մարությանի մասնակցությամբ տեսանյութերից մեկից «կտրում» հեռացնում են եվրոպացիների հետ MAN մակնիշի ավտոբուսների ձեռքբերման պայմանագրի ստորագրման արարողությունից, որ մնան միայն իրենք իրենցով ու երևանցին հանկարծ չտեսնի, որ այդ ավտոբուսները Մարության Հայկն է բերել, ոչ թե Ավինյան Տիգրանը։
Հայկ Մարությանի թիմակից, Երևանի գործող ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, որը ևս Մարության գլխավորած ցուցակով առաջադրված թեկնածուներից է, Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ իրենք փողոց դուրս գալու և մարդկանց ներկայանալու, քաղաքի խնդիրներին ծանոթանալու կարիք չունեն՝ մարդիկ Հայկ Մարությանին են լավ ճանաչում, իրենք էլ քաղաքային խնդիրներին են լավ ծանոթ։ Այս պահին դեռևս սոցիալական ցանցերում, մեդիա տիրույթում են տանում իրենց քարոզչությունը։ Բայց նաև չբացառեց, որ Մարությանը ևս ինչ-որ պահի դուրս կգա փողոց և կշփվի երևանցիների, իր պոտենցիալ ընտրողների հետ։
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո 50+1 տոկոս ձայն չհավաքելու պարագայում հավանական կոալիցիաներին, ապա Իզաբելլա Աբգարյանը վստահեցրեց, որ իրենք բացառված է ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեն։
«Մենք տրամադրված ենք հաղթելու, և ես բացառում եմ ՔՊ-ի հետ որևէ համագործակցություն՝ որպես կոալիցիա»,-ասաց նա։
Աբգարյանը նաև խոսելով այն ժամանակ ՔՊ-ի ցուցաբերած վարքից և իրենց որդեգրած արժեքներից շեղվելուց, մի դրվագ հիշեց, թե ինչպես էր իր աչքի առաջ փոխքաղաքապետերից մեկը գլուխը բռնել և ասել, թե իրենք հեղափոխությունը դրա համար չեն արել։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ