Հետևեք մեզ։

Արդյոք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ-որ ճղճիմ քաղաքական հարց, տվեք աղջկաս դին իմ հողում հուղարկավորեմ. Հելեն Դադայանի մոր նամակը Փաշինյանին և Միրզոյանին

09:45, 28 օգոստոս 2023
Արդյոք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ-որ ճղճիմ քաղաքական հարց, տվեք աղջկաս դին իմ հողում հուղարկավորեմ. Հելեն Դադայանի մոր նամակը Փաշինյանին և Միրզոյանին

Արցախի Հանրապետության բնակիչ Աքվարդ Սաֆարյանը Գյումրու ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած 20 ամյա Հելենի մայրը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

 

Նամակում նա մասնավորապես, նշել է. «Արդեն 14 օր է, ինչ իմ աղջկա՝ Հելենի մարմինը գտնվում է Գորիսի դիահերձարանում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մեզ տեղեկացնում է, թե «20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնությամբ սարքել են իրենց քաղաքական թեման»: Արդյոք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ որ ճղճիմ քաղաքական հարց: Սա անընդունելի է: Խոսում եք միջազգային մարդասիրական իրավունքից, Իլհամ Ալիևը միջազգային ատյաններում կուրծք է ծեծում, թե արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իր առաքելությունն է, սա՞ է ձեր պաշտպանած մարդասիրական իրավունքը: Փաստացի Ալիևը հրաժարվում է Արցախից եւ արցախահայությունից։Այս աշխարհից, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից իմ ուզածը մի բան է. 20 տարեկան աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ:

Դիմում եմ ձեզ՝ Նիկոլ Փաշինյան եւ Արարատ Միրզոյան, կատարեք ձեր պարտականություները, ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին և դուք պետք է լուծեք այդ հարցը: Մի քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը:

 

Ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ, մինչև իմ աղջիկը գա իմ կողքը: Գործեք Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան»:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։