ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը:
Օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը, մաքսային զննման ընթացքում, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական և ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչության բացթողնման բաժինների աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել վերոնշյալ միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում, բացի անձնական օգտագործման առարկաներից առկա է եղել թեյի 4 տուփ, որոնցից յուրաքանչյուրի մեջ թեյին միախառնված հայտնաբերվել է ընդհանուր՝ 1170 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոց:
Հիշյալ դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում «հաշիշ» տեսակի թմրամիջոցի փոխարինված զանգվածներով առաքանին ստանալուց հետո, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր տան մոտակայքից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա․Ղ․-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, այնուհետև տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Անձնական խուզարկության արդյունքում, բացի այլ առարկաներց, տվյալ քաղաքացու մոտից հայտնաբերվել է «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և հոգեմետ նյութի պարունակությամբ սպիտակ փոշենման զանգված: Այս ամենը, ինչպես նաև հայտնաբերված այլ առարկաները, փաթեթավորված և կնքված` կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ հիշյալ դեպքին առնչվող անձանց շրջանակը պարզելու նպատակով։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: