Հետևեք մեզ։

Ամբողջ Հյուսիսային պողոտայում քեֆ-ուրախություն էր, ռեստորանները տրաքում էին, ես չգիտեի արցախցի տղաների առևանգման մասին․ Արթուր Իսպիրյան․ Aysor.am

11:05, 29 օգոստոս 2023
Ամբողջ Հյուսիսային պողոտայում քեֆ-ուրախություն էր, ռեստորանները տրաքում էին, ես չգիտեի արցախցի տղաների առևանգման մասին․ Արթուր Իսպիրյան․ Aysor.am

Երեկ երեկոյան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բոլորին հրավիրում էր Կարապի լիճ՝ ունկնդրելու երգիչ, ավագանու անդամ Արթուր Իսպիրյանին և Վահագն Հայրապետյանին: Դա այն դեպքում, երբ ժամեր առաջ ադրբեջանցիները Լաչինի միջանցքից երեք հայ երիդասարդի էին առևանգել:

Aysor.am-ը երգիչ, ավագանու անդամ Արթուր Իսպիրյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նման համերգներով, քայլերով չի վիրավորում այդ ընտանիքներին, արցախցուն, ով արդեն 9 ամիս է՝ բլոկադայի ու հումանիտար ճգնաժամի մեջ է:

«Գիտեք, եթե գնայիք, ամբողջ Հյուսիսային պողոտայում քեֆ-ուրախություն էր, և ռեստորանները տրաքում էին: Նախ և առաջ ես չգիտեի առևանգման մասին, ընդհանրապես տեղյակ չէի: Սա  ուղղակի երևանյան երաժշտություն էր, որը վաղուց նախատեսված էր: Ու այնտեղ ոչ մի քեֆ-ուրախություն չի եղել, հանգիստ, դանդաղ երևանյան երգեր էին հնչում, որը, ինձ թվում է, ժողովուրդն էլ վայելում էր: Իսկ  ինչ-որ առևանգման դեպքեր, որ եղել են,  ես ուղղակի շատ վատ եմ զգում դրա համար: Չգիտեմ, ես դրա մասին տեղյակ չեմ եղել»,-նշեց նա:

Իսպիրյանին հիշեցրեցինք, որ առևանգման դեպքը առաջինը չէ և արդեն երկար ժամանակ է՝ այդ իրավիճակում է ապրում արցախցին, որքանո՞վ է ճիշտ նման վերաբերմունք ցուցաբերել նրանց՝ չկիսելով նրանց ցավը. «Երևի հակառակ կողմն էլ էդ ա ուզում, որ սգի մեջ մնանք, բայց պետք է ուրախանանք, ապրենք, ու մեր ժողովրդին ուրախացնենք։ Դա ամենամեծ պատասխանն ու մեծ հարվածն է իրենց: Ես այդպես եմ կարծում»: