Հետևեք մեզ։

«Ասե՛ք, կանենք»-ն Ավինյանին շատ է սազում․ դրա մեջ հատուկ է ընդգծված, որ իրենք չգիտեն, թե ինչ անել

19:29, 29 օգոստոս 2023
«Ասե՛ք, կանենք»-ն Ավինյանին շատ է սազում․ դրա մեջ հատուկ է ընդգծված, որ իրենք չգիտեն, թե ինչ անել
 
Չգիտեմ, թե ով է Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսի հեղինակը, բայց այն շատ է սազում Տիգրան Ավինյանին ու նրա թիմին, լավ է ցույց տալիս նրանց վերաբերմունքը քաղաքային խնդիրների նկատմամբ։ Եթե ավելի պարզ խոսենք, ապա «ասե՛ք, կանենք»-ը լավագույնս արտահայտում է ՔՊ թիմի մոտ հոգատարության, պատասխանատվության ու նախաձեռնողականության պակասն ու այն ապիկար կառավարումը, որ մինչ օրս տեսել ենք։
 
 
Ոչ, մենք իրականությունը չնկատող, տարբերությունները չտեսնող կամ տեսածն աղավաղող ընդդիմադիր չենք, բայց Երևանում այս կամ այն բանի մասին մեր հրապարակումներին Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանի արձագանքները ունեցել են հենց «ասե՛ք, կանենք»- ի տրամաբանություն ու ցույց տվել, որ եթե կոնկրետ բանը Տիգրան Ավինյանի աչքը չես մտցնում այնպես, որ նա հասկանա, որ հրապարակումը հեղինակազրկում է հենց իրեն, ապա նա ոչինչ չի անում։ «Ասե՛ք, կանենք»-ի մեջ հատուկ է ընդգծված, որ իրենք չգիտեն, թե ինչ անել, չեն տեսնում, չեն պատկերացնում խնդիրները որպես այդպիսին, ու չեն վերաբերվում դրանց այն տրամաբանությամբ, որ վերջապես վերջ տան մարդկանց նյարդերը սղոցող այս կամ այն անհարմարությանը՝ սկզբունքորեն։
 
Այո, «ասե՛ք, կանենք»-ը մինչ օրս նշանակել է, որ եթե որևէ փոս լուսանկարենք ու հրապարակենք, ապա մեկ շաբաթվա ընթացքում հենց այդ փոսը կարգի կբերեն, իսկ դրանից 50 մետր այն կողմ գտնվող իրենց իսկ փորած ու շաբաթներով մնացած մյուս փոսը չեն նորոգի, քանի որ այն չենք լուսանկարել, այսինքն՝ չենք ասել, որ անեն։ Սա է «ասե՛ք, կանենք»-ը՝ ուղղված ոչ թե խնդիրը վերացնելուն, այլ ճշտելուն՝ ում ինչ մանր կամ մասնավոր բան է պետք, որ անեն՝ ձայն ստանալու համար։ 
 
Հիմա շատերը կմտածեն՝ իսկ վա՞տ է, որ հարցը բարձրացնելուց հետո, գոնե, դրանով մեկումեջ զբաղվում են: Վատ չէ, բայց գլխավոր հարցն էլ հենց այն է, որ զբաղվում են ոչ թե բարձրացրածդ խնդրով՝ օրինակ Երևանում ճանապարհների խայտառակ  վերանորոգումների, քանդած ու չսարքած ասֆալտի հարցով, այլ հրապարակմանդ մեջ երևացած կոնկրետ փոսով։ Իսկ Երևանում խնդիրը ոչ թե կոնկրետ փոսն է, այլ այն, որ քանի դեռ այդ փոսը չի նկարվել, այն ոչ ոք չի տեսնի ու չի նորոգի, ոչ ոք՝ այնտեղ ավտոմեքենա ջարդող վարորդներից բացի չլուսանկարված ու չհրապարակված փոսերը չի տեսնի, քանի դեռ չենք բարձրաձայնել, ոչ ոք՝ այդ թվում Տիգրան Ավինյանը, չի տեսնի, որ ճանապարհը նորոգել են այնքան անորակ, որ այն կարճ ժամանակ անց փլվել է, իսկ քաղաքապետարանը լավագույն դեպքում հանցավոր անգործությամբ ընդունել է այդ անորակ աշխատանքը ու դրա համար բյուջեից գումար է հատկացվել։ Երևանում խնդիրը ոչ թե փորված ու անտեր թողած մեկ մետրանոց կոնկրետ փոսն է, այլ այն, որ այդ մասին այսքան խոսելուց հետո հանձնարարական չեղավ՝ վերացնել, ի վերջո, քանդված տեղերի փնթի ու անպետք կահավորումը, հանել անմիջապես փոսի վրա ցցված ծուռումուռ երկաթին փաթաթած ու քամուց պատառոտված ժապավենները, պատշաճ նախազգուշացնող նշաններ դնել, չեղավ հանձնարարական՝ բացառել, որ նոր սարքված ճանապարհը հաջորդ օրը քանդվի կամ քանդված տեղում բնակիչների կողմից ծառի ճյուղեր կամ «պագրիշկաներ» դրվի ու մնա այդպես։
 
Էլ ինչպե՞ս ասենք, որ անեք։